ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` 2016 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրները և առաջնահերթ ծրագրերը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:
«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6 տոկոս աճ գյուղատնտեսության ոլորտում, և այժմ պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու ուղղությամբ»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:
Այս համատեքստում նախարարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել խնայողական ռեժիմների կիրառման, իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, դրանց կատարողականների նկատմամբ մշտադիտարկումների անցկացման հարցերին:
Ոլորտում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և տնտեսական աճ ապահովելու առումով նախարարն ընդգծել է նաև հանրապետությունում չմշակվող հողերի ծավալների կրճատման, արտադրության ավելացման խնդիրները` առանձնացնելով բանջարաբոստանային մշակաբույսերի, հատկապես լոլիկի և կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացման կարևորությունը:
Այս առումով նախարարը հանձնարարել է պատասխանատուներին ամենօրյա աշխատանքեր իրականացնել մարզպետարանների և գյուղացիական տնտեսությունների հետ` այս հարցում շեշտադրելով հատկապես խորհրդատվական համակարգի ակտիվ դերակատարումը:
Նախարարը կարևորել է նաև աշխատանքների ինտենսիվացումը բուսաբուծության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում` կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ավելացման գործում:
Անդրադառնալով անասնապահության ոլորտում իրականացվելիք ծրագրերին` Սերգո Կարապետյանն առանձնացրել է արհեստական սերմնավորման, տոհմային երինջների ներկրման, սպանդանոցների շահագործման և <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ( CARMAC 2) ծրագրի ներքո նախատեսված աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև արտահանումների ավելացման, կոոպերացիայի զարգացման, մթերումների դիմաց վճարումների կատարման, վերամշակողների և գյուղացիների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման և այլ հարցեր:
Պատասխանատուներին տրվել են առանձին հանձնարարականներ և ցուցումներ` իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտների վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին