Արարատում տղամարդու սպանությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Նորամարգ գյուղի բնակիչ Վալերի Մուսայելյանի սպանության հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ավազակությամբ զուգորդված սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի 29-ամյա բնակչի։

2015 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավար Ս.Գալստյանից ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցի տներից մեկում դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը` Արարատի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ, և նշված տանը հայտնաբերել նույն տան բնակիչ, 1946թ. ծնված Վալերի Մուսայելյանի դիակը՝ բռնի մահվան հետքերով:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը զուգորդված է եղել գույք հափշտակելու դիտավորությամբ ավազակային հարձակմամբ։
Վ.Մուսայելյանը բնակվել է միայնակ և զբաղվել հողագործությամբ: Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 04։00-04։30-ի սահմաններում, համագյուղացի երիտասարդներից մեկը գույք հափշտակելու նպատակով մտել է Մուսաելյանի տուն, բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, եւ պահանջել գումար։ Վ.Մուսայելյանը դիմադրել է, որից հետո երիտասարդը դանակով 13 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին։

Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը տանը գումար է փնտրել, սակայն չի գտել, ապա տեսնելով, որ տանտերը փորձում է գետնից բարձրանալ՝ վառարանի մոտից վերցրել է փայտ և հարվածել գլխին: Տեսնելով, որ նա անշարժացել է՝ հեռացել է դեպքի վայրից։
Դեպքի վայրում կատարվել է զննություն, վերցվել փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակել դատաբժշկական, մատնանդրոշմային փորձաքննություններ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ է, 29 տարեկան։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ այսօր՝ 2016թ. հունվարի 11-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս