Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը սկսել է առարկայական տեսք ստանալ: Ապահով Հայաստանում պատրաստվում են բարձրացնել գազի սակագինը, ընդ որում միանգամից 64 տոկոսով, ինչը ենթադրում է գրեթե բոլոր ոլորտներում շեշտակի գնաճ:
Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ: «Հայռուսգազարդ»-ը ցանկանում է 1000 խմ գազը 132 հազար դրամի փոխարեն բնակչությանը վաճառել 221 հազարով: Հանձնաժողովն 90-օրյա ժամկետում, այսինքն` մինչեւ օգոստոսի 14-ը, պետք է «Հայռուսգազարդ»-ի դիմումի վերաբերյալ որոշում կայացնի: Դժվար չէ կռահել, թե առաջիկայում շոուների ինչ շարք է սպասվում. ապահով Հայաստանի ճակատագրով մտահոգ Ս. Սարգսյանը կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեսախցիկների առաջ կըմբոստանան «Հայռուսգազարդ»-ի առաջարկի վերաբերյալ, միգուցե նաեւ անթույլատրելի համարեն սակագնի բարձրացումը: Ապա ՀՀ իշխանությունների «ակտիվ միջամտությունից» հետո որոշում կկայացվի գազի սակագինը բարձրացնել ոչ թե 221 հազար, այլ 220 հազար դրամ, լավագույն դեպքում` սակագինը կսահմանվի 200 հազար դրամ: Բայց փաստ է, որ սակագինն առաջիկայում բարձրանալու է, ընդ որում շեշտակի:
Իրականում ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը բարձրացել է շատ ավելի վաղ` 2011թ. հուլիսից: Այս ընթացքում ՀՀ սահմանին 1000 խմ գազը 180 դոլարից դարձել է մոտ 220-254 դոլար: Այս փաստը հայտնի էր դարձել ՀՀ ՊԵԿ վիճակագրության ուսումնասիրմամբ: Միայն թե իշխանությունները մոտ 1.5 տարի համառորեն չէին խոստովանում այդ փաստը: Քանի որ առջեւում ՀՀ ԱԺ եւ նախագահի, նաեւ Երեւանի ավագանու ընտրություններ էին, իշխանությունները փորձում էին սակագնի տարբերությունը փակել սեփական միջոցներով. ըստ շրջանառվող լուրերի՝ «Հայռուսգազարդ»-ում իր 20% մասնաբաժնի մի մասը` մոտ 15%-ը, ՀՀ-ն վաճառել է «Գազպրոմ»-ին: Հիմա, փաստորեն, գազի սակագինը բարձրանալու է, եւ արդեն տարբերությունը պետք է վճարի ոչ թե պետությունը, այլ ՀՀ քաղաքացին: Ու թերեւս սրա համար է, որ ՌԴ-ն գազի սակագինը բարձրացրել է 38 տոկոսով, սակայն «Հայռուսգազարդ»-ն առաջարկում է գինն ավելացնել միանգամից 64 տոկոսով` գազի սակագնին ավելացնելով բաշխման, սպասարկման եւ այլ վճարները: Իրականում այսպես փորձ է արվում գերշահույթ ստանալ ու վերադարձնել վերջին 1.5 տարվա ընթացքում գազի սակագնի տարբերության համար վճարածը: Նշենք, որ ըստ մասնագետների՝ վերը նշված պատճառներով «Հայռուսգազարդ»-ը 1.5 տարում կրել է մոտ 30 մլն դոլարի «վնաս»:
Քանի որ Հայաստանում առաջիկա 4 տարիներին որեւէ համապետական ընտրություն չի սպասվում, իշխանություններն այլեւս չեն թաքցնում իրենց մտադրությունները: Պատահական չէ, որ այս մասին պաշտոնապես հաղորդվեց Երեւանի ավագանու ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում վերջնականապես հաստատեց իր լիարժեք մենաշնորհը (նշենք, որ «Հայռուսգազարդ»-ը վաղուց ի վեր դարձել է ՀՀԿ-ի «գազային մասնաճյուղը», եւ այս հիմնարկության աշխատակիցներին ընտրությունների ժամանակ ծառայեցնում են հօգուտ ՀՀԿ-ի):
Թե գազի սակագնի բարձրացումն ինչ հետեւանքներ կարող է ունենալ, հայտնի է ամենքին: Գազի սակագնի թանկանալուց հետո Հայաստանում միանգամից կբարձրանան բոլոր ապրանքատեսակների ու ծառայությունների գները` քաղաքային տրանսպորտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա, կենցաղային ապրանքներ եւ այլն: Հազիվ թե գտնվի մի ոլորտ, որի վրա գազի սակագնի բարձրացումն ազդեցություն չունենա: Այդ ազդեցությունը շատ ավելի սուր կզգացվի ձմռանը, երբ առաջ գա նաեւ բնակչության տաքանալու հարցը:
Նոր ձեւավորված կառավարության` նախորդ շաբաթ տեղի ունեցած անդրանիկ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կառավարության գործունեությունից ակնկալում է որակական ցուցանիշներ: «Այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է…»,-ասել էր նա: Ս. Սարգսյանի այս հայտարարությունից հետո մասնագետները պնդում էին, որ տեղի կունենա աշխատավարձերի չնչին բարձրացում, ինչն էլ իր հերթին կբերի գնաճի: Հերթական գնաճը Հայաստանում նկատվեց մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններից հետո. արդեն քանի օր է՝ խանութներում բարձրացել են մի շարք ապրանքատեսակների սակագները: Հիմա սրան է գումարվելու նաեւ գազի սակագնի անխուսափելի բարձրացումը: Ու որքան էլ կառավարությունը փորձի բարձրացնել աշխատավարձերը, միեւնույն է, դա չի մեղմի սոցիալական վիճակը, որովհետեւ միայն գազի սակագնի 64 տոկոս բարձրանալուն զուգահեռ հազիվ թե աշխատավարձերը բարձրանան միանգամից 50-60 տոկոսով: Էլ չենք ասում, որ անհասկանալի է` ինչպես պետք է բարձրացվի աշխատավարձը, եթե 2013թ. պետական բյուջեով նման բան նախատեսված չի եղել ի սկզբանե: Բայց սա այլ խնդիր է:
Գազի սակագնի բարձրացման այս ողջ պատմությունը կարելի է համարել իշխանությունների ցինիզմի եւ լկտիության հերթական դրսեւորում: Միայն թե նկատենք, որ քաղաքական դաշտում մենաշնորհ հաստատած ուժի վարքագիծը միանգամայն սպասելի էր. անարգել կեղծելով ընտրությունները՝ իշխանությունները գործում են, ինչպես կամենում են` իրենց ճանապարհին ոչ միայն հաշվի չառնելով ժողովրդին, այլեւ խորապես թքած ունենալով նրանց կարծիքի, սոցիալական վիճակի վրա: Հանուն արդարության պետք է նկատենք, որ հասարակությունն ինքն է վաստակել նման վերաբերմունք` ընտրություններին 10-20 հազար դրամով վաճառելով իր քվեն կամ ինչ-որ թափթփուկների վախից հեզ քվեարկելով ռեժիմի օգտին: Հիմա պարզապես ժողովուրդը վայելում է իր արածի պտուղները: