ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում: Զրուցակիցները կարեւորել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների եւ անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է: Դեսպանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն այս ծրագրի իրականացման նպատակով 2013թ. հատկացրել է 8 մլն դոլար՝ նախորդ տարվա 4 մլն-ի փոխարեն:

ՉՇՓՎԵՑԻՆ
Երեկ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը ներկա էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մուտքի առաջ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի հետ ողջագուրվելուց հետո գերադասեց չմնալ նրանց մոտ ու բարձրացավ վերեւ: Մինչ այդ  Ծառուկյանը բացականչեց. «Դե, Դուք սպասե՛ք, թող նախագահը գա, նոր, էլի՛»: «Ո՞վ»,-հարցրեց Քոչարյանը: «Լուկաշենկոն»,-պատասխանեց Ծառուկյանը, ում, սակայն, չհաջողվեց համոզել Քոչարյանին: Ի դեպ, ներկաների աչքից չվրիպեց, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համարյա չշփվեցին իրար հետ. միայն ձեռքով բարեւեցին:

ՎԱՆԴԱԼՆԵՐ
Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում. նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը պղծել են՝ վրան գրելով «պարահանդեսն ավարտվեց»: Այդ մասին տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը: Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն:




Լրահոս