ՀԻՎԱՆԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԲԱՆԱԿ ԵՆ ՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած 53-ամյա Մարիետա Խանջյանը պատմեց, որ մտավոր հետամնաց իր 23-ամյա տղային՝ Գեւորգ Գրիգորյանին, Արաբկիրի զինկոմիսարիատը որոշել է զորակոչել բանակ: Սակայն տիկին Մարիետան վստահ հայտարարեց, որ ինքը որեւէ կերպ թույլ չի տա՝ իր հիվանդ երեխային տանեն բանակ:
Մայրը մենակ չէր այցելել. նրան ուղեկցում էին իր երկու որդիները` Վաղինակն ու Գեւորգը: Տղաներին բերել էր, որպեսզի մենք տեսնեինք եւ համոզվեինք, թե ինչ խնդիրներ ունի Գեւորգը:
«Գեւորգին ունեցել եմ առաջին ամուսնության ժամանակ: Նա ծնվեց շատ դժվար պայմաններում: Ես եւ նա կլինիկական մահ տարանք, բայց կենդանի մնացինք: Փոքր տարիքից Գեւորգի մոտ նկատվում էին մի շարք տարօրինակություններ` մտավոր հետամնացություն, կարճատեսություն եւ շատ այլ խնդիրներ: Դե հետո ես բաժանվեցի ամուսնուցս եւ երկրորդ ամուսնությունից ունեցա մյուս տղայիս` Վաղինակին, որը նորմալ, առողջ երեխա է»,-հուզված պատմեց երկու տղաներին միայնակ խնամող մայրը:
Պարզեցինք, որ 23-ամյա Գեւորգը մտավոր խնդիրների հետեւանքով չի կարողացել անգամ ավարտել դպրոցը. «Երեխաս ոչ թե չի ցանկացել դպրոց գնալ, այլ չի կարողացել նորմալ երեխաների հետ շփվել, նրանց հետ հավասար պայմաններում գտնվել, եւ չկարողանալով ոչինչ հասցնել՝ ստիպված երրորդ դասարանից դպրոցից հանեցի»:
Տիկին Մարիետայի խոսքով՝ Գեւորգին մայիսի 13-ին կանչել են Արաբկիրի զինկոմիսարիատ, որտեղ բուժաշխատողները ստուգելուց հետո ասել են, թե պիտանի է բանակում ծառայելու. «Ախր հերիք չէ, որ նա մտավոր հետամնաց է, համ էլ աչքի հետ խնդիրներ ունի, դա էլ դեռ հերիք չէ, հարթաթաթ է, թութքի պրոբլեմ ունի, որը վիրահատության ենթակա է, ու  պատկերացրե՛ք՝ որոշել են տանել բանակ: Բայց ասեմ՝ ես այդ սրիկաներին երեխա տվողը չեմ: Ինչ ուզում են անեն, ես փաստաթղթերով չեմ խոսում, իմ երեխան  արդեն փաստ է,  թող գան տեսնեն, ո՞նց կարող են այս տեսակ երեխաներին տանել բանակ, գլխաքանա՞կ են լրացնում, հա՞, չեմ թողնելու»:
Հաշվի առնելով այն փաստը, որ 18 տարին լրացած պատանիներն են հիմնականում զորակոչվում բանակ, տիկին Մարիետայից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ տղային բանակ են զորակոչում այսքան ուշ՝ 5 տարի անց: Այստեղ պարզվեց առավել զավեշտալի մի բան. ՀՀ քաղաքացուն անձնագրային ծառայությունը 7 տարի շարունակ անձնագիր չի տվել: «Տղաս անձնագրի հետ կապված խնդիր ուներ: Նա ծնվել է Հայաստանում, իսկ հայրն էլ Ռուսաստանում էր: Ու երբ իմացավ, որ հիվանդ երեխա է, ասաց՝ ինձ դեբիլ երեխա պետք չէ, եւ հեռացավ: Ու թեեւ ես երեխայի միակ խնամակալն էի, բայց, միեւնույն է, անձնագիր չէին տալիս: Շատ դժվարություններից հետո կարողացա  վերջապես անձնագրի հարց լուծել»,-նշեց մայրը:
Զրուցեցինք նաեւ Գեւորգի հետ: «Արաբկիրի զինկոմիսարիատում ինձ ասին՝ գնա՛ դուրս, սպասի՛, մինչեւ կասենք, հետո ասացին՝ բարձրացի՛ վերեւ: Այնտեղ մի չաղ մարդ էր նստած. պեչատը խփեց ու ասաց, որ դու պատրաստ ես ծառայության: Երբ հարցրի՝ բայց ո՞նց, ես աչքի խնդիր ունեմ, ես հիվանդ եմ, ասին՝ մեզ չի հետաքրքրում»,-ձեռքերը դողացնելով՝ պատմեց Գեւորգը:
Տղայի խոսքի վրա զայրացած մայրը շարունակեց բղավել. «Հաստագլուխ հաստավզերը փողոցում թափառում են, իսկ այսպես խեղճ ու կրակները չգիտեն, թե ոնց ապացուցեն, որ ի վիճակի չեն ծառայել: Կրկնում եմ՝ իմ տղային տեսնելով՝ այլեւս փաստաթղթի կարիք չի լինի, Աղբյուր Սերոբի 46 շենքի 4-րդ բնակարանից ես երեխա չունեմ իրենց տալու»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ հրամանի հիման վրա է Արաբկիրի զինվորական կոմիսարիատի ղեկավար Ալբերտ Քարամյանը հիվանդ երեխային բանակ զորակոչում: «Նախարարը խստագույնս հրահանգել է ամենայն մանրուքներով վերահսկել զորակոչի պրոցեսը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն մի քանի անբարեխիղճ ազատվածներ ունենք, հիմա տարբեր ոլորտի մասնագետներին` ռազմական ոստիկաններով, բժիշկներով, հոգեբաններով, գործուղել ենք մարզեր, բացատրական աշխատանք է կատարվում, որ ոչ մի կեղծիքի չգնան: Եվ եթե երեխայի առողջությունը անտեսել են, թող դիմեն համապատասխան հեռախոսահամարով, որը տվել ենք  իրենց»,-ասաց ՊՆ  մամլո խոսնակը` վերջում մեզնից խնդրելով զինվորի տվյալները, որպեսզի անձամբ զբաղվեն խնդրով: Հուսանք՝ իրավիճակին արդար լուծում կտրվի, եւ զինկոմիսարը, ՊՆ բուժվարչության աշխատակիցները կստանան իրենց հասանելիք պատիժը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս