ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ
«Հայաստանի սոցիալիստական շարժում»-ը սատարում է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած մի քանի տասնյակ ազատամարտիկներին, որոնք պահանջում են վերանայել իրենց կենսաթոշակի հաշվարկման կարգը:

ՄԵՐ ՀԱՆԵԼՈՎ ՉԷ
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը մասնակցող Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրել է, որ Գյումրիում շատ նորմալ վիճակ է: «Ամեն ինչ հանգիստ է, լավ է լինելու, ես որեւէ բան չեմ նկատում: Գյումրիում ոչ մի կրիմինալ չկա, ասենք` տարբեր տեսակի լարվածություններ կան, բայց Գյումրին մշակույթի եւ սպորտի քաղաք է, չի կարելի վերագրել, թե Գյումրին կրիմինալի քաղաք է, այդ բառը, խնդրում եմ, հանե՛ք ձեր լեքսիկոնից»,-հորդորել է քաղաքապետը` այդպես էլ, սակայն, չպատասխանելով հարցին՝ արդյոք խոսել է Գյումրու երկու հակամարտող կողմերի` Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի հետ:

ԽԻ՛ՂՃ ՈՒՆԵՑԵՔ
«Առավոտ»-ի հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք սատարել բողոքի ակցիայով հանդես եկած ազատամարտիկներին, Դուք միակ մտավորականն եք, որ կանգնեց նրանց կողքին,  ճանաչված արձակագիր Լեւոն Խեչոյանն ասել է. «Այս հարցում իմ առաջինն լինելն ինձ որեւէ առավելություն չի տալիս, ես չեմ ուզում առանձնանալ, պարզապես խղճի հարց է, չէ՞ որ այդ տղաների ոտքերի տակ դղրդում էր ամբողջ Ադրբեջանը, չէ՞ որ այդ տղաներն արյուն տվեցին մեր հայրենիքի համար, ու մեկ էլ՝ զոհվածների հիշատակն է, որ ստիպում է այսօր նրանց կողքին լինել: Թե ինչպես կհանգուցալուծվի այս հարցը, չգիտեմ, բայց կարծում եմ՝ կառավարությունը պետք է խիղճ ունենա, խղճով մոտենա, չէ՞ որ այդ տղաներն իրենց ամենաթանկ բանն են տվել մեզ…»:

ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑ
2013թ. մայիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Ս. թ. ապրիլին արձանագրվել է 0.1% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.9%՝ գրեթե համընկնելով գնաճի նպատակային ցուցանիշի հետ: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն՝ մինչեւ երկրորդ եռամսյակի վերջ 12-ամսյա գնաճը կավելանա՝ գտնվելով տատանման թույլատրելի միջակայքի վերին հատվածում:

ԿՈՐԱԾԻՆ ԳՏԱՆ
Գետափ գյուղի 18-ամյա բնակիչ, Հայ-ռուսական (Սլավոնական) hամալսարանի ուսանող Արմեն Մուրադյանին, որը մայիսի 11-ի առավոտյան դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել, երեկ գտել են Դիլիջանում: Արմեն Մուրադյանի մայրը՝ Անահիտը, «Առաջին լրատվական»-ին պատմել է, որ որդին միայն հասցրել է ասել՝ «մա՛մ, լավ եմ». «Ուրիշ ոչ մի բան… բերեցին, մեզ ցույց տվեցին ու տարան ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հարցաքննության»: Ըստ կայքի տեղեկությունների՝ տղայի հետ որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել, նա պարզապես գնացել է աղջիկների հետ «լավ» ժամանակ անցկացնելու, ու քանի որ բավական մեծ գումար է վատնել, իրեն վատ է զգացել ու չի ցանկացել տնեցիներին այդ մասին հաղորդել:




Լրահոս