5 ՏԱՐՎԱ ՍԽԱԼՆԵՐ՝ ԿԱՅՔԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բազմաթիվ քաղաքապետարանների (Ապարանի, Արարատի, Աշտարակի, Վեդու եւ այլն) ինտերնետային կայքերի «Տեղեկատուներ» բաժնի  «Համայնքների ղեկավարների հեռախոսահամարներ» խորագրի ներքո սխալ, հնացած տվյալներ են ՀՀ համայնքապետերի անունների եւ նրանց հեռախոսահամարների վերաբերյալ: Այդ կայքերի Տավուշի մարզի ենթաբաժնում որպես Բերդի քաղաքապետ նշված է Անդրանիկ Շառյանը, մինչդեռ շուրջ 8 ամիս է, ինչ Բերդի քաղաքապետն է Հարություն Մանուչարյանը: 2008թ. մինչ օրս Նոյեմբերյանի քաղաքապետն է Վանուշ Ամիրաղյանը, սակայն կայքերում նշված են նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի անունն ու նրա բջջային հեռախոսահամարը: 2008թ. ցայսօր Այրումի քաղաքապետն է Գիգոլ Եգանյանը, սակայն գրված է նախկին քաղաքապետ Ռուսլան Անտոնյանի անունը: Նմանապես 2008թ.-ից Ազատամուտի գյուղապետն է Ժորա Մարտիրոսյանը, սակայն նշված են նախկին գյուղապետ Աշոտ Ամիրջանյանի տվյալները: Քաղաքապետարանների կայքերում զետեղված են Տավուշի մարզի Բաղանիսի, Բագրատաշենի, Բերդավանի, Բերքաբերի, Աչաջրի, Արծվաբերդի նախկին գյուղապետերի անունները եւ հեռախոսահամարները:
Հնացած տեղեկություններ կան նաեւ Լոռու մարզի համայնքապետերի վերաբերյալ:  Օրինակ՝ Արթուր Նալբանդյանը նշված է որպես Ալավերդու քաղաքապետ, թեեւ նա 2011թ. հուլիսի 28-ից Լոռու մարզպետն է: Որպես Ախթալայի քաղաքապետ նշված է նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, թեեւ հիմա Վազգեն Խաչիկյանի եղբայր Հայկազ Խաչիկյանն է ղեկավարում համայնքը: Եթե հավատանք այդ տվյալներին, Ստեփանավանի քաղաքապետը դեռ Սարգիս Ղարաքեշիշյանն է եւ ոչ թե Միքայել Ղարաքեշիշյանը, Տաշիրը ղեկավարում է Նշան Սողոյանը եւ ոչ թե ներկայիս քաղաքապետ Էդգար Արշակյանը: Որպես Ահնիձոր համայնքի ղեկավար է նշված Սուրեն Մաթեւոսյանը, մինչդեռ այժմ այդ համայնքը ղեկավարում է  Վանիկ Քառյանը: Բազմաթիվ են նաեւ այլ բնույթի անճշտությունները, մասնավորապես տառասխալները: Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգանունը գրված է «Դարբիմյան», իսկ Շամլուղ համայնքի ղեկավար Լենդրուշ Բեժանյանի ազգանունը՝ «Բեգջանյան»:
Հայաստանի բազում քաղաքապետարանների ինտերնետային կայքերում առկա սխալները արդյունք են այն բանի, որ այդ համայնքապետարանների կայքերում որպես բազա օգտագործել են «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի ունեցած տվյալները: Դատելով միասնական դիզայնից՝ այս կենտրոնն է համայնքապետարանների համար ստեղծել ինտերնետային կայքեր: Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում (ijevancity.am)  վերջերս ուղղվել են Տավուշի մարզի համայնքապետերին վերաբերվող տվյալները, սակայն այլ մարզերի համայնքապետերինը հին են: Նշենք, որ հնացած տվյալներ կան նաեւ «Սփյուռ» տեղեկատուի ինտերնետային էջում: Մասնավորապես` այնտեղ նշված է, որ Տաշիրի քաղաքապետն է Նշան Սողոյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս