«ԱՍՏՂԸ ԹԱՐՍ Է ԱՃՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչները եւ ընդհանրապես «աստղերն ու աստղիկներն» իրենց որեւէ տեսահոլովակի, տեսաերիզի շնորհանդեսի կամ, ասենք, հեռուստաելույթների, հարցազրույցների ժամանակ այնպիսի, մեղմ ասած, անմխիթար  վիճակում են հայտնվում, որ շատերը պարզապես խղճահարվում են նրանց լսելիս:
Խղճահարվում ու ցանկանում են բացականչել. «Ախր, քեզ ո՞վ է եթեր տրամադրել, բա դպրոցում քեզ հայոց լեզու չե՞ն դասավանդել…»: Եվ մեր հեռուստադիտողները, ռադիոլսողները, ինչո՞ւ չէ, նաեւ սոցիալական ցանցերի օգտատերերն այնքան են սովորել այդ «աստղերի ու աստղիկների» անգրագետ խոսքին, անկապ մտքերին (էլ չենք խոսում անկապ խոսքերով երգերի մասին), որ երբ մի գրագետ, որոշակի իմաստ ունեցող խոսք, հարցազրույց են ունկնդրում կամ ակնդրում, զարմանքից քար են կտրում: Դրա ապացույցներից մեկը մի օգտատերի հետեւյալ գրառումն է. «Այսօր դիտեցի Սիրուշոյի բացառիկ հարցազրույցը եւ կարող եմ ասել՝ հիացած եմ… Հիացած եմ երգչուհու հավասարակշռված խոսքով, արտահայտած մտքերի հստակությամբ, տեսակետների կայունությամբ… Ըստ էության, երգչուհին ոչ միայն պատասխանեց այն բոլոր հարցերին, որոնք վերջին շրջանում շրջանառվում էին ու քննարկվում մեր ԶԼՄ-ներում՝ կապված «Պռեգոմեշի» հետ, այլեւ փակեց բոլոր դռները այլ հարցերի համար: Մի խոսքով` աստղ ունենալուց պիտի կա՛մ նրա նման ունենանք, կա՛մ չունենանք առհասարակ»: Ահա այսպիսի հիացական խոսքեր մի սովորական հարցազրույցի մասին:
Ի դեպ, չմոռանանք ասել, որ վերջին մի քանի տարիներին այդ երգիչ-երգչուհիներին, հաղորդավար-հաղորդավարուհիներին ավելացել են նաեւ բազմատեսակ հեռուստասերիալների, այսպես կոչված, դերասան-դերասանուհիները: Ընդ որում, նաեւ չի բացառվում, որ նրանցից ոմանք համատեղում են այդ երեք բնագավառն էլ, այսինքն` ե՛ւ երգիչ են, ե՛ւ հաղորդավար, ե՛ւ դերասան, ու չի կարելի բացառել, որ մեկ օրվա ընթացքում նույն մարդուն հեռուստաէկրանին հանդիպեք մի քանի անգամ, եթե, իհարկե, ժամանակ ու ավելորդ նյարդեր ունեք: Ու երբեմն ուզում ես հարց տալ` լավ, բա էս որտե՞ղ են համապատասխան բուհերի դերասաններն ու հաղորդավարները, բա էլ ինչո՞ւ են սովորում: Բայց դե, եթե մեր ազգընտիր պատգամավորների, իշխանավորների 90 տոկոսը դժվարանում է մի հոդաբաշխ նախադասություն արտասանել, նրանցից ի՞նչ պահանջենք: Հենց դրա համար էլ մեր երկրում ոչ միայն «խիյարը, այլեւ աստղն էլ է  թարս աճում»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս