2016-ի մուտքը մեր երկիր հուսադրող և ուրախ դեպքերով չառանձնացավ: Հանրությունն արդեն տևական ժամանակ է՝ մտահոգված է սուր-շնչառական հիվանդությունների աննախադեպ տարածմամբ: Վարակների թվում է նաև H1N1՝ «խոզի գրիպ» կոչվող տեսակը:
Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է քաղաքացիներին հուզող խնդրին՝ ինչպե՞ս է պետք ձեռք բերել հիվանդությունը բուժող միակ, բավականին թանկ՝ 19 հազար 800 դրամ արժեցող «Տամիֆլյու» դեղորայքը՝ այդպիսով հետևելով նախարար Արմեն Մուրադյանի՝ ինքնաբուժությամբ չզբաղվելու հորդորներին: Այն, որ «խոզի գրիպ» կոչվող վարակի բուժման համար եթե նախկինում նշված դեղամիջոցը անվճար էր տրվում, իսկ այժմ վաճառվում է, չի կարող հերքվել: Սա փաստել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ իր պաշտոնական կայքէջում հրապարակելով դեղորայքը վաճառող դեղատների ցանկը՝ «Անիս», «Լավանդա», «Վագաֆարմ», «Ալֆաֆարմ» և «5+»:
Սակայն այսօր բախվեցինք նախարարության հեղինակած հերթական կծիկին: Նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, անդրադառնալով Հայաստանում գրիպի և սուր-շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին, ընդգծեց, թե հիվանդանոցներում «Տամիֆլու»-ն բաժանվում է անվճար. «Տամիֆլյու»-ն կանխարգելիչ չէ, այն բուժիչ է: Հիվանդանոցներն անվճար կտրամադրեն: Այդ դեղի խնդիր Հայաստանը չունի»:
Ի՞նչ է ստացվում. նախարարությունը ստո՞ւմ է հանրությանը: Եթե կան սոցխմբեր, որոնց դեղորայքն անվճար է տրամադրվում, դա դեռ չի նշանակում, թե խնդրի առաջ կանգնած յուրաքանչյուր քաղաքացի սոցխմբի անդամ է: Երևանից շատ հեռու գտնվող շրջանների բնակիչներն էլ, ըստ երևույթին, պետք է երազեն նշված դեղորայքը ձեռք բերելու մասին: