Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց է տվել ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին, որը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Այդ հարցազրույցը Հայաստանում մեծ արձագանք գտավ և բուռն քննադատության արժանացավ:
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, հարցազրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակին: Օրինակ բերելով թուրքական Օսմանյան կայսրությունը, նա ասել է.
«Վերցնենք, օրինակ, Օսմանյան կայսրությունը, այո՛, այնտեղ եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, սակայն ոչ ոք նրանց չի ոչնչացրել, քանի որ հստակ կարգ է եղել կրոնական հանրությունների միջև հարաբերություններում»:
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի վերոնշյալ հայտարարությունն իրարամերժ կարծիքներ է առաջացրել, որոնց համաձայն վերջինս անուղղակի կերպով մերժել է Հայոց Ցեղասպանությունը: Սակայն Մոսկվայի և համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անփոփոխ է: Որպես ապացույց նա հիշեցրել է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու` ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններին: