2016 թվականի հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունը սկսելու է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
Ճանապարհային ոստիկանությունը նման որոշումը բացատրում է այն կերպ, որ մգեցված ապակիները զգալի մասում նպաստում են վթարներին` հատկապես վրաերթերին: Ըստ այդմ, առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30.000 դրամի) չափով:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, տրանսպորտային միջոցների առջեւի կողային ապակիները եւ առջեւի դռների ապակիները պետք է մգեցված լինեն 70 տոկոսից ոչ պակաս:
Այս հարցի վերաբերյալ վարորդների դիրքորոշումը տարբեր է: Մի մասի կարծիքով, մգեցված ապակիներն իսկապես վթարի պատճառ են հանդիսանում, իսկ մի մասի կարծիքով էլ` թույլատրելի չափի մգեցվածությունը միայն օգտակար է և, օրինակ, պաշտպանում է արևի ճառագայթներից: Դրա հետ մեկտեղ, բոլոր վարորդները համաձայն չեն տուգանքի չափի հետ և այն շատ մեծ են համարում. նրանց շատերի կարծիքով, ՃՈ այս նախաձեռնությունը հերթական թալանման միջոց է: