Նորք-Մարաշի զինված հանցախմբի վնասազերծումից անցել է մոտ երկու ամիս, սակայն շատ հարցեր այդպես էլ անպատասխան են մնացել: Նոյեմբերի 25-ին՝ հանցախմբի վնասազերծումից հետո, լրատվական և փորձագիտական դաշտը հեղեղվեց տարաբնույթ մեկնաբանություններով, որոնք, սակայն, այդպես էլ մինչ օրս մնում են օդում կախված: Վնասազերծմանը հաջորդած 2 օրերին տրված պաշտոնական պարզաբանումներից հետո տևական ժամանակ է, ինչ ԱԱԾ-ն եւ պատկան այլ կառույցներն այս հարցի վերաբերյալ հանրությանը որևէ նոր տեղեկատվություն չեն ներկայացնում: Մինչդեռ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի իր հայտնի հեռուստահարցազրույցի ընթացքում, անդրադառնալով այս հարցի շուրջ շրջանառվող տարատեսակ խոսակցություններին, վրդովվել էր` ասելով. «Այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր …»:
Խոստացված հայտարարությունը, թե շուտով բոլորս ամեն ինչ կիմանանք, դեռ չի արվում, իսկ պաշտոնապես էլ ոչինչ հնարավոր չէ ճշտել, քանի որ ԱԱԾ-ն հանցախմբին առնչվող հարցերին ունի մեկ պատասխան՝ նախաքննությունը շարունակվում է: Նկատենք, որ հանցախմբի վնասազերծումից արդեն իսկ անցել է ոչ մեկ, ոչ էլ երկու շաբաթ, այլ գրեթե երկու ամիս, եւ համապատասխան կառույցները, թերեւս, արդեն կարող էին որոշակի տեղեկատվություն ներկայացնել հանրությանը` գոնե ցրելու համար այն կասկածները, որ այս հանցախմբի վնասազերծման ողջ օպերացիան ինչ-ինչ նպատակներով իրականացված նախընտրական բեմականացում էր:
Զինված հանցախմբի հետ կապ ունենալու մեղադրանքով բոլոր կալանավորվածներն այդպես էլ չեն ընդունել իրենց մեղավորությունը, նրանք իրենց մեղավոր չեն համարում և հայտարարում են, որ որևէ հանցավոր արարք չեն կատարել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս գործով կալանավորված և ձերբակալված անձանց թիվը հասել է մոտ 5 տասնյակի: Ըստ ԱԱԾ-ի՝ վնասազերծված հանցախումբը ձեռք բերված զենքերը պետք է ծառայեցներ Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելուն: Այս աղմկալի բացահայտում-ներկայացումից անցել է շուրջ երկու ամիս, և մինչ օրս նախաքննություն իրականացնող մարմինը դեռևս կոնկրետ չի ասում, թե որտեղ, ինչպես և, առհասարակ, ում նկատմամբ հարձակում պետք է իրականացնեին խմբի անդամները: Ի վերջո, որեւէ երկրում նման աղմկահարույց վնասազերծմանը, այն էլ` պետական կառույցների դեմ պատրաստվող հարձակումների մասին պաշտոնապես հայտարարված տեղեկատվության դեպքում, կարճ ժամանակ անց հետեւում են կոնկրետ գործողություններ, որոնց մասին հանրությունը անմիջապես իրազեկվում է: Ի վերջո, ո րն է մեր պատկան մարմինների նման գաղտնիության պատճառը….