Արդեն հայտնել ենք, որ Ազգային ժողովում անցած տարեվերջին մեկնարկել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացը եւ այն շարունակվելու է քննարկվել մինչև հաջորդ` փետրվարյան քառօրյան: Ինչպես հայտնի է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանն արդեն հանդիպել են ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ:
Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ` պարզելու համար արդյոք նա մասնակցություն ունեցել է քննարկումներին եւ խմբակցությունն ինչպիսի առաջարկություններով է հանդես գալու:
ԲՀԿ ղեկավարը, սակայն նշեց, որ միայն մամուլից է տեղեկացել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին եւ մասնակցություն չի ունեցել: Վերջինս փոխանցեց, որ խմբակցության ներսում այդ ուղությամբ քննարկումներ են ընթանում:
«Չգիտեմ որտեղ է մեկնարկել ընտրական փոփոխությունների գործընթացը: Ես մամուլից եմ ծանոթացել, որ նման գործընթաց է մեկնարկել: ԱԺ նման քննարկումներ դեռևս չեն եղել: Մենք ներսում քննարկումներ անում ենք: Մենք ինքներս հանում ենք գործող ընտրական օրենսգրքի ընտրակեղծարարության փայլուն ավանդույթների բոլոր հնարավոր սողանքներն, որպեսզի խորհրդարանում ներկայացնենք»,-ասաց նա:
Զոհրաբյանը նաեւ հայտնեց, որ ԲՀԿ-ն բազմաթիվ առաջարկություններով է հանդես գալու:
«Սա ամենակարևոր օրենսգիրքն է, որը պետք է ռադիկալ փոխվի: Մենք անցնում ենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Համամասնական ընտրակարգը բազմաթիվ տարատեսակներ ունի: Տարատեսակներ կան որոնք շատ ավելի վատն են, քան մեծամասնական ընտրակարգը, ուստի մենք շատ զգույշ պետք է լինենք , շատ զգոն լինենք եւ հաշվի առնելով ընտրակեղծարարության` մեր փայլուն ոսկերչական մակարդակի հասցրած ավանդույթները, կարողանանք կտրականորեն չեզոքացնել բոլոր հնարավոր ընտրակեղծարարության սողանքները»,- հավելեց ԲՀԿ ղեկավարը:
Վերջինս չցանկացավ առաջարկությունների մասին խոսել. «Այս պահին չեմ ցանկանա խոսել առաջարկությունների մասին: Առաջարկությունները բազմաթիվ են: Եթե մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգին` նշանակում է փաթեթային փոփոխությունների մասին է խոսքը գնալու»,- եզրափակեց Զոհրաբյանը: