ԱՎՇԱՐԻ ԱՐԱՅԻԿԸ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿՈ՞ՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա մարտի 19-ին ավտովթարի զոհ դարձավ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար 51-ամյա Վարդգես Ղազարյանը: Վերջինիս եղբայրը` ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը, “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) այժմ ամեն ինչ անում է, որպեսզի ,իր մարդըե՝  Կարո Կարապետյանը, դառնա գյուղապետ: Մեր զրուցակցի հավաստմամբ` այժմ գյուղում շատ լարված մթնոլորտ է, քանի որ Ա. Գրիգորյանը փորձում է ընտրություններում իր ցանկալի արդյունքին հասնել գյուղացիներին ահաբեկելու միջոցով:  
Հիշեցնենք, որ Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանը “Լադա պրիորա” մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել մայրուղու երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել: Սակայն մահացած գյուղապետի եղբայրը “Ժողովուրդ”-ին ասել էր, թե “շատ մութ կետեր կան այդ ավտովթարի հետեւում”: Երեկ էլ Վազգեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ թեժ պայքար է ընթանում իր եղբոր աթոռի համար, որին “խառնվել” է Ա. Գրիգորյանը: Իրավիճակի ամբողջական պատկերը ներկայացնելու համար “Ժողովուրդ”-ը զրուցեց ե՛ւ նախկին գյուղապետի եղբոր, ե՛ւ Արայիկ Գրիգորյանի հետ:
Սուրենավանի նախկին գյուղապետի եղբայր ՎԱԶԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
“Ավշար Ալկո”-ի “լավ” պատգամավորները` Արայիկ ու Արամայիս Գրիգորյանները, ոնց որ մեր գյուղերն են խառնում՝ մի հատ խուլիգանի են սատարում, նույնն էլ Ավշարում են անում: Էդ մարդուն (նախկին գյուղապետին-Ս.Գ.) զաստավիտով հեռացրել են, հիմա բերում են նոր մարդ դնեն: Տեղեկությո՛ւն տարածեք, որ նման խուլիգանները տարբեր լարերի վրա են խաղում: Նախորդ ընտրությունների ժամանակ էլ բերեցին էդ խուլիգանին, որը ժամանակին դատապարտվել է:
-Ո՞վ է այդ խուլիգանը, որին դատապարտել են:
-Դուշման Կարոն՝ Կարո Կարապետյանը, որը պետության բյուջեից թալանել էր 5 միլիոն 700 հազար դրամ, եւ իր գործերը դատախազությունում են: Իրենք (Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանները-Ս.Գ.) եղբայրներով սատարում են նման խուլիգանի:
-Խնդրում եմ՝ կոնկրե՛տ նշեք, թե ինչ է անում Արայիկ Գրիգորյանը…
-Զանգում են միլիցիային, ասում` գնացե՛ք, մարդկանց վախեցրե՛ք: Իմ եղբայրը 3 միլիոն դրամ գումար էր դուրս գրել, որ գյուղը լուսավորեին: Հիմա Կարո Կարապետյանը ոչ մի լիազորություն չունի, ոչ մի իրավունք չունի, որ գնա գյուղապետարան ու այնտեղի աշխատանքներին խառնվի, բայց գյուղապետի տեղակալը՝ Ռոբերտ Մկրտչյանը, այդ լիազորություններն ապօրինի ձեւով տվել է այդ մարդուն, էս մարդն էլ գնում, լուսավորության հարցերով է զբաղվում: Միլիցիային ասում են` գնացե՛ք, Սուրենավանում վախեցրե՛ք, խանութներում ասե՛ք, որ Արայիկ Գրիգորյանն ասում է, թե գնացե՛ք, է՛ս մարդուն սատարեք: Ահաբեկում են ժողովրդին, ես դա կարամ իրանց ճակատին ասեմ, ես ոչ ոքից չունեմ վախենալու: Ինչ-որ իրենք սարքել են իմ եղբոր գլխին, ես կսարքեմ իրենց գլխին: Կգա օրը, իրենց կապացուցեմ, թե ինչ են սարքել: Ժողովուրդն էլ ասում ա, որ Կարոն ասել է, թե իմ եղբորը երկու ամիս է մնացել, ու երկու ամիս հետո իմ եղբայրը մահացավ: Ինքը որտեղի՞ց գիտեր` մեկ, թե երկու ամիս էր մնացել իմ եղբորը:
-Այսինքն` Ձեր եղբոր վթարն իրե՞նք են կազմակերպել: Կոնկրետ ի՞նչ գիտեք, ո՞ւմ եք մեղադրում:
-Անպայման: Կոնկրետ դեռ բան չգիտեմ, հետագայում կպարզաբանվի այդ ամենը: Հերիք է, բավական է, թալանչիները եկել, թալանում են: Ինչ շրջապատի մեջ մտնում ենք, ասում են՝ Արայիկ Գրիգորյանն ասել է՝ գնացե՛ք, սրա՛ն ընտրեք, ի՞նչ իրավունքով: Հասկացանք՝ պատգամավոր է, բայց դա չի նշանակում, որ պիտի գնա, քիթը մտցնի գյուղապետերի գործերի մեջ: Իրան դրել ա ,կարոլիե տեղ, ես շատ գիտեմ` ինչի տեղ, եսիմ ինչ խաղեր ա տալիս:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
-Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ եք ահաբեկում Սուրենավանի բնակիչներին ու հորդորում, որ գյուղապետի ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տան Ձեր նախընտրած ՀՀԿ-ական թեկնածուին:
-Ե՞ս եմ խառնվում, այդ տղային, որ Ձեզ նման տեղեկություն է տվել, չեմ հարգում նրա համար, որ սուտ տեղեկություններ է տալիս: Իր եղբայրը երբ որ մահացել էր, ես թաղման ծախսերն եմ արել եւ ամեն ինչով օգնել եմ որպես գյուղապետի՝ անկախ նրանից, որ ինքը ԲՀԿ անդամ էր: Կարո Կարապետյանը ՀՀԿ անդամ է, ու ընդհանրապես, ո՛չ ես եւ ո՛չ էլ մեր մարզպետն այդ ընտրություններին չենք խառնվում:
-Բայց նախկին գյուղապետի եղբայրը Ձեզ մեղադրում է ընտրությունների ընթացքին ապօրինի միջամտելու համար: Նշում է նաեւ, որ Ավշարի ընտրություններին էլ եք  խառնվում:
-Ավշարի՞, ի՞նչ ասեմ` սուտ տեղեկություններ են, ես ո՛չ գյուղ եմ գնացել ընդհանրապես, ո՛չ մեկին տեսել եմ, ու ամոթ է, որ ես գնամ, ահաբեկեմ: Ոստիկանության պետն իր աշխատանքներն է կատարում, ես ի՞նչ կապ ունեմ Սուրենավանի ընտրությունների հետ: Ես չեմ խառնվելու, մենք մարզպետի հետ պայմանավորվել ենք, մաքուր ընտրություններ են գնալու: Ով էլ հաղթի, թող հաղթի, մեզ համար միեւնույն է:
Հ.Գ. Փաստորեն, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարում է, որ Սուրենավանում ,մաքուր ընտրություններ են գնալուե ոչ թե այն պատճառով, որ դա է պահանջում երկրի օրենսդրությունը, այլ որ ինքը “մարզպետի հետ պայմանավորվել է”: Նկատենք, որ հարազատ գյուղապետեր ընտրել տալով՝ Ա. Գրիգորյանը ապահովում է իր ապագա մանդատի հարցը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 540 համար




Լրահոս