Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր մի
անսովոր քրեական գործի քննություն, բայց հետաձգվել է: Գործն անսովոր է
նրանով, որ նախաքննության կեսից տուժողներն ու ամբաստանյալները տեղերով
փոխվել են, որը ի ցույց է դնում ոստիկանության քննչական ծառայության եւ
ՀՔԾ-ի հակամարտության ողջ պերճանքն ու թշվառությունը:
2009 թվականի հունիսի 27-ին ՀՀ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում
քաղաքացիներ Արթուր Հակոբյանի եւ Արտակ Մուսայելյանի նկատմամբ հարուցվել
էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով`
իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ
վտանգավոր բռնություն գործադրելը: Իշխանության ներկայացուցիչներն, այս
դեպքում, ճանապարհային ոստիկաններ Արման Չուխաջյանն ու Հակոբ Ջանայանն են,
որոնք զեկուցագրեր են գրել եւ ցուցմունքներ տվել այն մասին, որ
քաղաքացիներ Արթուր Հակոբյանը եւ Արտակ Մուսայելյանը հայհոյել, քաշքշել են
իրենց, ապա` դիմադրություն ցույց տվել այն բանից հետո, երբ իրենք
կանգնեցրել են Հակոբյանի մեքենան:
Նշենք, որ գործի նյութերով ապացուցված է համարվում, որ ոստիկաններին
«դիմադրություն ցույց տալու» հետեւանքով, Արտակ Մուսայելյանն ու Արթուր
Հակոբյանը ստացել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ. Հակոբյանը` քթոսկրի
երկու կոտրվածք, Մուսայելյանը` գլխուղեղի ցնցում` չհաշված մյուս
սալջարդերն ու կապտուկները: Քանի որ «դիմադրություն ցույց տված»՝ Հակոբյանի
եւ Մուսայելյանի վնասվածքները խիստ ակնառու էին ու կային դրանք վկայող
դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններ, «ամբաստանյալների»
պաշտպաններ Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարոսյանին հաջողվել էր բազմաթիվ
դիմում բողոքների արդյունքում, ի վերջո, հասնել նրան, որ գործի վարույթը
ոստիկանությունից փոխանցվի ՀՔԾ: Հենց այստեղ էլ նույն գործով նախկին
ամբաստանյալներին ճանաչել են տուժողներ, իսկ Արման Չուխաջյանին, Հակոբ
Ջանայանին ու եւս երկու ՃՈ տեսուչների մեղադրանք են առաջադրել Քր.օր-ի
309-րդ հոդվածի հատկանիշներով` պաշտոնեական լիազորությունները անցնելը:
Տուժող ճանաչված Արթուր Հակոբյանը եւ Արտակ Մուսայելյանը ցուցմունքներ են
տվել, որ 2009թ. հունիսի 27-ին, Երեւանի Պարոնյան փողոցում կայանած
Հակոբյանի ավտոմեքենային իրենց ծառայողական ավտոմեքենայով մոտեցել են
Ջանյանն ու Չուխաջյանը եւ ծանոթ լինելով` խոսակցության են բռնվել Արթուրի
հետ, խոսակցության ընթացքում մոտեցել է ընկերը` Արտակ Մուսայելյանը: Ինչից
հետո Ջանյանն ու Ա. Չուխաջյանը իրենց ծառայողական պարտականությունների հետ
բացարձակ կապ չունեցող պատճառով նախ` վեճի են բռնվել Մուսայելյանի հետ,
ապա ռադիոկապով դեպքի վայր կանչել ՃՈ մի քանի այլ աշխատակիցների եւս եւ
նրանց հետ միասին սկսել են հայհոյել Հ.Հակոբյանին ու Ա.Մուսայելյանին: Ի
վերջո, վերջինիս տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ
եւ ենթարկել են դաժան ծեծի: Նա եւ Արթուր Հակոբյանը, որը լսելով ընկերոջ
ձայնը, շտապել էր մտնել ոստիկանության շենք, շտապօգնության ավտոմեքենայով
հաջորդ օրը տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները պահանջել
են, որ նշված վնասվածքները ստացած Հակոբյանն ու Մուսայելյանը բուժում
ստանան հիվանդանոցային պայմաններում, սակայն ոստիկանները թույլ չեն տվել եւ
նրանց հարկադրաբար տարել են հիվանդանոցից, որից հետո, փաստացի, տուժողները
կալանավորվել են:
Իսկ «գայիշնիկները» դատարանում այլ բան են պատմել` թե իբր իրենք կանգնեցրել
են Արթուր Հակոբյանի մեքենան, ինչից հետո Արթուր Հակոբյանը միանգամից
սկսել է իրենց հայհոյել: Հետո հայհոյել է նրան մոտեցած Արտակ Մուսայելյանը:
Ու այդպես, անընդհատ իրենց հայհոյել են, «քաշքշել», մինչեւ որ իրենք
ստիպված են եղել նրանց բերման ենթարկել ոստիկանության բաժին, անվնաս թողել
են հերթապահ մասում եւ հեռացել: Թե սրանից հետո ինչ է եղել, չգիտեն:
Այսինքն՝ պետավտոտեսուչները չգիտեն, թե ինչ հանգամանքներում է կոտրվել
մեկի քիթը, մյուսը ինչպես է ուղեղի ցնցում ստացել կամ որտեղից է գոյացել
հերթապահ մասի գետնին թափված արյունը, որի մասին ցուցմունք են տվել
Կենտրոնի ոստիկանության աշխատակիները:
Բայց որպեսզի ամեն ինչ ավելի պարզ լինի, նշենք, որ ոստիկանությունում
ծառայության ոչ այնքան երկար փորձ ունեցող Հակոբ Ջանյանի եւ Արման
Չուխաջյանի «կարիերայի» ընթացքում սա առաջին խայտառակ դեպքը չէ: 2009թ.
հունվարին, օրինակ, սույն ոստիկաններին դուր չէր եկել, որ իրենց կողմից
տուգանվող վարորդը հեռախոսով նկարել էր իրենց: Նրանք հարձակվել ու
բռնություն էին գործադրել նկարահանող վարորդի ու ուղեւորի նկատմամբ: Այդ
փաստով եւս ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել ու ոստիկանները
ճանաչվել էին տուժող, բայց բարեբախտաբար, քրեական գործը կարճվել էր:
Ինչ վերաբերում է վկա-ոստիկաններին, ապա նրանք ոչ հերքել են տուժողների
վնասվածք ստանալու հանգամանքը, ոչ էլ մանրամասնել, թե ովքեր են ծեծի
ենթարկել. նրանք խառը լցված են եղել հերթապահ մասում, ոչինչ չեն տեսել:
Հասկանալի է, որ այստեղ գործ ունենք հայտնի դարձվածի հետ, որ «շունը շան
թաթ չի կծում». ինչպե՞ս կարող էին ոստիկանները իրենց գործընկերների դեմ
ցուցմունքներ տալ: Ըստ երեւույթին համակարգի աշխատակիցները բառացի են
հասկացել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի համակարգ մտնելուց հետո արած
հայտարարությունը` ոստիկանի մունդիրի պատիվը բարձր պահելու վերաբերյալ:
Նրանք այս գործի դատաքննության ողջ ընթացքում որպես «գրուպա պադերժկի»
դատարան էին ներկայանում` Երեւանի գլխավոր ՃՈ Արսեն Արշակյանի
գլխավորությամբ:
Փետրվարի 11-ին նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը ամենայն
հավանականությամբ կմտնի խորհրդակցական սենյակ` գործով վճիռ կայացնելու,
որը ի տարբերություն մյուս գործերի, բավականին անկանխատեսելի է, քանի որ
ամբաստանյալներին փորձում է պաշտպանության տակ առնել ոստիկանությունը:
ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌ Է ՍՊԱՍՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ