Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մայիսի 8-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում հրդեհ է: Հրդեհը մարվելուց հետո օպերատիվ խումբը շենքի թիվ 8 բնակարանի հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել էր 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշանակվել էին փորձաքննություններ:
Մայիսի 19-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով, Ավանի Քուչակ թաղամասի շենքերից մեկից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Դավիթ Թ.-ին:
Նա խոստովանել է, որ մայիսի 7-ին, ժամը 23.20-ի սահմաններում, հյուրընկալվել է Մարիամ Հունանյանի մոտ և իր հետ նախապես վերցրած խոհանոցային դանակով պարանոցը կտրելով` սպանել է նրան: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Դավիթ Թ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: