«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում կսկսվեն կառավարությունում կադրային փոփոխությունների եւ կառուցվածքային փոփոխությունների շուրջ քննարկումները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ըստ էության, հենց սա նկատի ունենալով էր, երեւի թե, տարեվերջին Հովիկ Աբրահամյանն ազդարարել, որ կառավարությունում տեղի կունենա օպտիմալացում:
Քանի որ իշխանության ներսում այսօր ընթանում է մի քանի խմբերի պայքար, եւ քանի որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի հարցում ունի լուրջ մրցակից՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, Սարգսյանի համար կարկանդակի թեկուզ մի փոքր փոքրացումը կարող է լուծել մարտավարական մեծ խնդիրներ, եւ փոխարենը բարդացնել Հովիկ Աբրահամյանի խնդիրները: Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանն իրեն զգում է «ձիու վրա», նա փորձում է գնալ այդ օպտիմալացմանը:
Այս տեսանկյունից սկզբունքային հաջողությունը նա իր համար արձանագրել է: Հաջորդ փուլով առաջանում է այն հարցը, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ինչպիսի իշխանական «կլաստերներ» են ձեւավորվելու: Այսինքն՝ անցկացնելով օպտիմալացման գաղափարը՝ Սերժ Սարգսյանը դեռ պետք է փորձի դրա արդյունքում անցկացնել նաեւ իր համար ձեռնտու դասավորություն, ձեռնտու կառուցվածք, որտեղ ուժերի հարաբերակցությունը կլինի իր օգտին, ոչ թե Հովիկ Աբրահամյանի, որը նրա հիմնական մրցակիցն է:
Առաջիկա քննարկումները, որոնք դե յուրե տեղի են ունենալու ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ շրջանակում, իրականում կլինեն պայքար Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան ֆորմատով: Դե ֆակտո հենց նրանց մրցամարտի դրսեւորումն են լինելու այդ քննարկումները, թե ով է առավել նպաստավոր դիրքի դուրս գալու 2017-ին ընդառաջ, որպեսզի խորհրդարանական ընտրություններում ունենա այն պատկերը, որը Սերժ Սարգսյանի ակնկալիքով պետք է որ Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը վերածի զուտ տեխնիկականի, իսկ Հովիկ Աբրահամյանի ակնկալիքով՝ Սերժ Սարգսյանին ժամանակից, այսինքն՝ 2018-ի ապրիլից շուտ, վերածի «անգլիական թագուհու»: Սա էլ իր հերթին նշանակում է, որ առաջիկայում իշխանական համակարգում բաժանարար գծերը կսրվեն եւ, այսպես ասած, Սարգսյան-Աբրահամյան միջակայքում գտնվող իշխանական մեծ ու փոքր խմբերին հարկ կլինի գալ վերջնական ընտրության եւ կողմնորոշման, թե ի վերջո ում նժարն են ծանրացնելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: