Վարդենիսի չղջիկները չեն հանձնվում. հերթական «հերոսը» 25-ամյա երիտասարդ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհերքելի փաստ է, որ արդեն տևական ժամանակ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Սոթքի ոսկու հանքից մարդիկ ապօրինի կերպով ոսկու հանքաքար են հանում, վաճառում և այդ կերպ ապրում: Երբեմն էլ «չղջիկները» (Վարդենիսում այդպես են ասում ոսկու հանքաքար գողացողներին) շատ են հանում, որպեսզի հանքաքարերից ձուլված ոսկուց բաժին տան այն մարդկանց, որոնց հովանավորությամբ «անվտանգ» մտնում են հանքավայր ու դուրս գալիս:

Այս իրավիճակին ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է: Եվ ահա, մեզ հավաստի տեղեկություններ հասան այն մասին, որ գողության հերթական դեպքը գրանցվել է երեկ՝ հունվարի 12-ին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սոթքի 25-ամյա մի բնակիչ՝ Էդգար անունով, պարկով հանքաքար է դուրս հանել հանքից:

Թե որքան հանքանյութ է գողացել երիտասարդը և ինչ կարգավիճակ ունի հիմա, փորձեցինք պարզել ոստիկանության լրատվական ծառայությունից: Այստեղից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը՝ հավելելով, որ երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին՝ հանքանյութ գողանալու կասկածանքով: Նրա մոտից առգրավվել է 32 կգ հանքաքար և 1 հատ հանքահորի լապտեր: Տղան բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը գողացել է հանքանյութը՝ այն վերամշակելու, դրանից ոսկի ստանալու և վաճառելու նպատակով:

Էդգար Գ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն:




Լրահոս