Քաղաքացի Գագիկ Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Գագիկ Դ.-ն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը իր վարույթում քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննել է իրեն, սակայն ցուցմունքում քննիչը շարադրել է իր կողմից չհայտնած տեղեկություններ: Ինքը քննիչի կողմից սխալ արձանագրված ցուցմունքի տակ ստորագրել է առանց այն կարդալու:
Քաղաքացի Գագիկ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն