Այսօր տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, քննարկվելու է մարզպետերի հարցը: ՀՀԿ ԳՄ նիստին, հնարավոր է, մասնակցեն նաեւ այն մարզպետերը, որոնց ճակատագիրը «վտանգված» է: Նրանք են` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա), Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը (Կովալ), Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ): «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նախ ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանի, ապա նշված մարզպետերի հետ` պարզելու՝ արդյոք նրանք ներկա են լինելու այսօրվա նիստին ու տեղյակ են, որ քննարկվելու է իրենց մնալ-չմնալու հարցը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ՀՀԿ ԳՄ նիստին ինչո՞ւ եք հրավիրել մի քանի մարզպետերի:
-Մենք ընդհանրապես ԳՄ նիստի ժամանակ… նիստը չի վերածվում մարդկանց կանչելու կամ խնդիրներ լուծելու… այն որոշում է կուսակցության քաղաքական խնդիրները:
-Նշվում է, որ Կ. Շահգալդյանը, Ս. Խաչատրյանը, Ա. Ղուլարյանն ու Է. Բարսեղյանը ներկա են լինելու ՀՀԿ ԳՄ նիստին, քանի որ քննարկվելու է նրանց պաշտոնանկության հարցը: Նման բան կա՞:
-Դա մթնոլորտային դատողություն է, դա գիտեք` ինչ է նշանակում, դա նշանակում է, որ ստեր են հնարել ու այժմ էլ փորձում են այդ ստերն ամրապնդել: Նման հարց չի քննարկվում մեզ համար, դրանք տեղեկություններ են, որոնք տարածում են` չգիտեմ ինչի համար, եւ չգիտեմ, թե ինչ նպատակով: Եթե, իհարկե, իմ ասածների մեջ փոփոխություններ լինի, դա… գլխավորապես… կարծում եմ՝ կառավարությունն ինքը կկողմնորոշվի, առանձնապես քննարկելու հարցեր չունենք: Մեր կուսակցության մոտեցումները` նման հարցերի հետ կապված, պաշտոնավորների, այսպես ասած, ձեռքերից կապելը, հետապնդելը…. նման խնդիր չունի կուսակցությունը: Կառավարության ղեկավարը՝ վարչապետը, ինքը ՀՀԿ ներկայացուցիչ է, առավել եւս՝ փոխնախագահ է, ինքը լիարժեք իրավունք ունի կառավարության շրջանակներում հարցեր բարձրացնել եւ լուծումներ տալ: Կարծում եմ` պետք չէ այժմ նման հարցեր շահարկել, տեղին չէ:
-Կարծիք կա նաեւ, որ Ս. Խաչատրյանի վերջին պարգեւատրումը նրա առաջիկա պաշտոնանկության նախերգանքն էր, որպեսզի Խաչատրյանի համար պաշտոնանկությունը շատ ցավալի չլինի:
-Դե դրանք կանխատեսումներ են, ու չգիտեմ, թե ովքեր են անում:
-Եթե, ինչպես հավաստիացնում եք, մարզպետերի հարցը չեք քննարկելու, այդ դեպքում ի՞նչ եք քննարկելու ՀՀԿ ԳՄ հերթական նիստում:
-Սովորաբար մեր գործադիր մարմնի նիստերում օրակարգը կառուցվում է տեղում: 19 անդամներ ունի գործադիր մարմինը, ովքեր որ քննարկման ենթակա հարցեր ունեն, այդ պահին ներկայացնում են, ու ԳՄ անդամներով քննարկում ենք: Իսկ եթե որոշակի ռազմավարական խնդիր կա, ապա մի քանի օր առաջ դիմում են, որպեսզի այդ քննարկումներով սկսենք ու արդեն ԳՄ նիստի ժամանակ որոշում կայացնենք: Այսքանը, որեւէ հստակ բան չկա, թե ինչ է քննարկվելու նիստի ժամանակ:
Կոտայքի մարզպետ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
-Պարո՛ն Շահգալդյան, Ձեզ հրավիրել են՝ մասնակցելու ՀՀԿ ԳՄ նիստին:
-Ես նման հրավերք չեմ ստացել:
-Տեղեկություններ կան, որ քննարկվելու է Ձեր պաշտոնանկության հարցը: Դուք այդ մասին տեղյա՞կ եք:
-Շատ ծիծաղելի է, արդեն քանի տարի է` այդ հարցը լսում ենք, եթե Դուք այդքան համոզված եք, այդ դեպքում ինչո՞ւ եք ինձ զանգահարել ու հարցնում:
-Այսինքն՝ համոզված եք, որ շատ լավ եք աշխատում, եւ Ձեզ չե՞ն կարող պաշտոնանկ անել:
-Էդ արդեն պիտի պաշտոնանկ անողների՛ց հարցնեք: Ուղղակի 13 տարի է, ինչ քննարկվում է այդ հարցը, 2-3 ամիսը մեկ քննարկվում է պաշտոնանկության հարց: Եթե իմ աշխատանքից դժգոհ լինեին, ինձ վաղուց պաշտոնանկ արած կլինեին:
Հ.Գ. Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, մեզ չհաջողվեց զրուցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, քանի որ վերջինիս հեռախոսին ինչ-որ երիտասարդ էր պատասխանում` հավաստիացնելով, թե Խաչատրյանը զբաղված է: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հեռախոսին եւս անծանոթ մի մարդ էր պատասխանում` անընդմեջ նշելով, թե Բարսեղյանը խորհրդակցության է: Իսկ ինչ վերաբերվում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, ապա վերջինս, լսելով «պարոն Ղուլարյան…» բառերը, անմիջապես անջատեց հեռախոսն ու այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, Ա. Ղուլարյանն արդեն սովորություն է դարձրել այդ կերպ խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: