ՈՐՏԵ՞Ղ ԵՆ «ԹՈՒՆԴ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօր գոյություն չունի իրական ընդդիմադիր ուժ: Սերժ Սարգսյանի ռեժիմի ընդդիմությունը միմիայն մեր երկրում ստեղծված իրավիճակն է: Ցանկացած քայլ, որն անգամ իշխանություններն անում են բարի նպատակով, շուռ է գալիս իրենց դեմ:
2007 թվականից Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մտերմագույն շրջապատով կռիվ է տալիս եւ շարունակ բացահայտումներ անում, թե ով է իրական ընդդիմադիր, եւ ով՝ կեղծ: Այդպես էլ ճիշտ պատասխան չստանալով՝ հիմա էլ «Հայ ազգային կոնգրես»-ը նորաստեղծ կուսակցության դեմքով է անիմաստ զբաղմունք գտել եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից փորձում է ընդդիմություն կերտել: Երկրում տեղի ունեցող անարդարություններին մոտենում է բացառապես ընտրովի սկզբունքով՝ որպես իրական ընդդիմադիր՝ չըմբոստանալով շատ դատապարտելի երեւույթների դեմ:
Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն»-ն ընտրություններից հետո մանդատներն է կիսում, իսկ ինքը՝ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի հետ աղոթելուց հետո մի տեսակ խոնարհ փոխվել է: Աղոթած գործիչն առաջվա նման պայքարի կոչեր չի անում (թեկուզեւ դատարկ), թեեւ «առիթներն» ավելի շատ են:
«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ն ասես նեղացած լինի ինքն իրենից. Երեւանի ավագանու ընտրություններում պարտվելուց հետո նրանք կարծես ընդհատակում լինեն: Աղքատության եւ արտագաղթի այս գաղջ մթնոլորտը «բազմադարյա» կուսակցությանը ամենեւին չի մղում ակտիվ պայքարի:
Իհարկե, կարելի է շարունակ թվարկել ոչ իշխանական քաղաքական ուժերի փաստացի անգործությունը: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ քաղաքացիները քաղաքական ուժերից են հոգնել ու նեղացել, քաղաքական ուժերը՝ քաղաքացիներից: Ու թվում էր, թե գոնե գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների, ինչպես նաեւ ուսման վճարների բարձրացման մասին պաշտոնական տեղեկություններից հետո ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր բնակիչները պետք է դուրս գային փողոց՝ ԱՄՆ դեսպանի ասած «ագրեսիվ» պահվածքով արտահայտելով իրենց դժգոհությունը: Բայց ոչ: Մարդիկ հաշտվել են այն մտքի հետ, որ իրենք պետք է աղքատ լինեն, կարողանան միայն հացի փող վաստակել եւ ոչ ավելին: Իսկ ամեն ընտրությունից առաջ էլ 5-10 հազար դրամ վերցնեն ու քվեարկեն իշխող ռեժիմի օգտին: Ցավալի է, բայց սա է այսօրվա Հայաստանի բնակչության պատկերը: Պայքարի ոգին կոտրվել է մարդկանց մեջ ու կոտրվել է նույն ընդդիմության ջանքերով:
Հ.Գ. Այն բանից հետո, երբ երեկ տեղեկություններ տարածվեցին գազի գնի 64 տոկոսով հնարավոր բարձրացման մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ձեւավորվեց հատուկ խումբ՝ «Եկե՛ք կանխենք գազի գնի թանկացումը»: Մեկ օրում խմբի անդամների թիվն անցավ 700-ից: Երեկ խումբը հայտարարություն է տարածել, որ վաղը սկսվում են բողոքի զանգվածային ցույցեր ՀՀ տարբեր մարզերում նաեւ մայրաքաղաքում: Այսօր՝ ժամը 10-ին, հավաքվում են ՀՀ կառավարության շենքի մոտ, որից հետո տեղի է ունենալու երթ դեպի Բաղրամյան 26, ապա ՀՀ քաղաքացիները նստացույց են հայտարարելու Ազատության հրապարակում: Տեսնենք՝ իրենց ընդդիմադիր համարող քանի ուժ կմիանա անանուն ակցիային մասնակցող քաղաքացիների բողոքին:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս