Քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցն այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններն են: Հիշեցնենք, որ նախօրեին՝ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Ծառուկյանն ասել էր. «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Եթե արդեն կա ընդդիմադիր երեք-չորս կուսակցություն, դա հինգ-վեց ընդդիմադիր կուսակցություն չի կարող լինել: ԲՀԿ-ն լիարժեք կողմնակից է այն ամենին, ինչն օգուտ է երկրին, ժողովրդին: Մենք այդ սկզբունքով ենք քայլել, արել եւ դա միշտ անելու ենք»: Նա նաեւ խոսել էր իշխանական կոալիցիա ԲՀԿ-ի հնարավոր վերադարձի մասին` ասելով. «Որ մտնելու լինեինք, մայիսի 5-ին կմտնեինք»:
Այս երկու օրերին ծավալված քննարկումները ցույց տվեցին` Ծառուկյանի հայտարարությունը քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձում է վերլուծել իր քաղաքական շահից ելնելով: Ուշագրավն այն է, որ որպես վերլուծությունների հիմք՝ վերցվում է հայտարարության միայն առաջին նախադասությունը, այն է` ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Իշխանությունները սրանից փորձում են բխեցնել, թե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի կողքին է, այլ ոչ թե ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ: ԲՀԿ հակառակորդներն այս հայտարարությունը ներկայացնում են, թե Ծառուկյանն այնքան քաջություն չունեցավ ընդդիմության շարքերն անցնելու համար ու մնաց իշխանական ճամբարում: ՀԱԿ նախկին անդամներն էլ փորձում են չարախնդալ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական հայտնի վերլուծությունն այսպիսով սխալ դուրս եկավ, որ սա իրականում ՀԱԿ-ի ձախողումն էր, ու ճիշտ էին իրենք, երբ հորդորում էին հույս չդնել ԲՀԿ-ի վրա, նրա հետ չգնալ որեւէ համագործակցության:
Ու մինչ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը կփորձի կատարվածը վերլուծել իրեն ձեռնտու դիրքերից, հարկ է ուշադրություն դարձնել մի քանի կարեւոր հանգամանքի վրա: Գագիկ Ծառուկյանն իր այս հայտարարությունն արեց` մեկնաբանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի` դեռ ապրիլի 22-ին հնչեցրած տեսակետը, թե իր կարծիքով՝ ԲՀԿ-ն պետք է խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն: Անգամ քաղաքագիտական տարրական գիտելիքներ հարկավոր չեն հասկանալու համար, որ եկեղեցու օծման արարողությունն ամենահարմար առիթը չէ քաղաքական նոր կողմնորոշման` ընդդիմադիր դառնալու մասին հայտարարելու համար, մանավանդ եթե ինքդ այդ արարողությանը հրավիրել ես քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին` նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունից մինչեւ արմատական ընդդիմության առաջնորդներ: Եվ հետո, ամռան նախաշեմին նման հայտարարություն անելն ամենեւին էլ պատեհ առիթ չէ, հատկապես, երբ ըստ որոշ տեղեկությունների՝ ԲՀԿ-ի որոշ հատվածի մոտ ցանկություն կա այդ քայլին գնալ աշնանը: Եվ ուրեմն` ԲՀԿ նախագահի կողմից այս պահին այդ հայտարարությունը պետք է համարել նորմալ: Առավել եւս, որ դեռ պետք է ճշտել` ինչ է հասկանում Գագիկ Ծառուկյանը՝ «ընդդիմություն» ասելով: Չի բացառվում, որ Ծառուկյանի համար ընդդիմություն` նշանակում է իշխանություններին մշտապես հակադրվող, դրա պատճառով հալածվող, հաճախ բանտարկվող, հանրահավաքներ անցկացնող մարդկանց մի խումբ: Պատահական չէ, որ Ծառուկյանն իր մամուլի խոսնակի միջոցով փոխանցել է, որ առաջիկա օրերին ինքը «մեկ անգամ եւս բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ»:
Ու մինչ Ծառուկյանը հանդես կգա պարզաբանումներով, մի քանի նկատառում. թեեւ վերջին մեկ տարվա ընթացքում ԲՀԿ-ն իրեն հայտարարել է այլընտրանք, այնուամենայնիվ, նրա գործողություններն ընդդիմադիր բնույթ են կրել: Նախ` ԲՀԿ-ն մաս չկազմեց իշխող կոալիցիային, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը մշտապես միացել է ՀԱԿ-ի բոլոր նախաձեռնություններին, դեմ է քվեարկել կառավարության ծրագրին եւ 2013թ. պետական բյուջեին, նախագահական ընտրություններում ոչ միայն չի սատարել իշխանության թեկնածուին, այլեւ ընտրություններից հետո առ այսօր չի շնորհավորել Ս. Սարգսյանին ընտրվելու առթիվ: Ասել է թե՝ ԲՀԿ վերջին մեկ տարվա գործողությունները գոնե խորհրդարանում համահունչ են եղել արմատական ընդդիմության քայլերին: Ճիշտ է, այդ պատճառով ոմանք հեգնում են, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր է ոչ թե իշխանություններին, այլ կառավարությանը: Մանավանդ որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ: Բացի այդ, նա ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է եւ կատարում է այս ոլորտում իր կողմից անընդունելի կառավարության ծրագիրը: Բայց նաեւ պետք է հասկանալ` հսկայական հարստության տեր անձնավորությունը կաշկանդված է իր ունեցվածքով եւ ցանկացած որոշում կայացնելիս մտածում է նաեւ այդ մասին՝ ստիպված լինելով ինչ-որ թելերով կապված մնալ: Ուստի նրա հայտարարություններին պետք է մոտենալ ըմբռնումով:
Հ.Գ. ԲՀԿ-ի՝ ընդդիմություն չդառնալու մասին հայտարարություններն ուշագրավ են մեկ այլ առումով. 2010թ. Ծառուկյանը ստորագրել էր կոալիցիոն հայտարարություն` 2013թ. ընտրություններում գործող նախագահին սատարելու մասին: Բայց ԲՀԿ-ն այդպես էլ չսատարեց Ս. Սարգսյանին: Այնպես որ, խոսքը միշտ չէ, որ գործ է: