Նորքում վնասազերծված զինված հանցախմբում «բացահայտվեց» ևս երկու անձ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ համայնքում ԱԱԾ հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի» անդամները, կարծես, շարունակվում են բացահայտել: ArmLur.am-ը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկանում է, որ այսօր ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Նրանք, ըստ ԱԱԾ-ի, կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Խումբը նպատակ է ունեցել մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել Հայաստանում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ խժմբի թիրախը եղել են Նախագահականը, Ազգային ժողովն ու Կառավարությունը:

Որոշ լուրերի համաձայն՝ «բացահայտված զինված խմբի» ֆինանսավորման «ներքին հետքը» տանում է դեպի հայաստանյան կաթոլիկ եկեղեցի։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, թե զենքը մոտ 100 հազար դոլար արժողությամբ էր, իսկ այդքան զենք Հայաստանում ձեռք բերել և տեսադաշտում չհայտնվել հնարավոր չէ, և հենց դրանով էլ ԱԱԾ-ն դուրս է եկել խմբի հետքի վրա։ 2 ամիս հետևել են՝ գաղտնալսել։ Նույն լուրերով, ըստ ամենայնի, զենքը Ղարաբաղի պատերազմ է անցել:




Լրահոս