ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՊՈՐՏԸ
«Ժողովուրդ»-ը որոշել էր առժամանակ չանդրադառնալ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի գործունեությանը` սպասելով գոնե, եթե ոչ 100, ապա 10 օր, սակայն…
Բանն այն է, որ ոմանք լավ չեն պատկերացնում մարզական կառույցների գործունեությունը եւ փորձում են մի նժարի վրա դնել ՀԱՕԿ նախագահին եւ նորանշանակ սպորտի նախարարին, ովքեր իրենց գործունեությամբ ներկայացնում են խորհրդային եւ անկախ Հայաստանի, այսինքն` բոլորովին տարբեր ժամանակների մարզաշխարհը: Մարզական լեզվով ասած՝ տարբեր քաշային կարգերում են: Բացի այդ, միտում է նկատվում վիրավորել մարզաշխարհի մարդկանց, ովքեր հաջողությունների են հասել մութ ու ցուրտ տարիներին շրջափակված, երկրաշարժից տուժած նորանկախ երկրում, այլ ոչ թե ԽՍՀՄ հզոր երկրի կազմում:
Միանգամից ասենք, որ մեր ցանկությունը մեկն է` պաշտպանել հայկական սպորտը անտեղի քաղաքական շահարկումներից, ուստի հարցին կմոտենանք իրավական տեսանկյունից: Սպորտի նախարարությունը պետական կառույց է եւ իրավասու չէ միջամտել հասարակական կառույցների` ՀԱՕԿ-ի եւ մարզաձեւերի ֆեդերացիաների գործունեությանը: Եվ միջազգային պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ որեւէ երկրի բարձրագույն ղեկավարությունը փորձել է միջամտել ֆեդերացիաների կամ ԱՕԿ-ի գործունեությանը` ցանկանալով իր մարդուն նշանակել նախագահ, ու նման դեպքերում ՄՕԿ-ը կամ, ասենք, ՖԻՖԱ-ն կամ ՈՒԵՖԱ-ն արգելել են տվյալ երկրի մասնակցությունն իրենց հովանու ներքո անցկացվող համաշխարհային գլխավոր մարզահանդեսներին:

ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԸ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Norway Chess 2013 սուպերմրցաշարի 7-րդ տուրում երեկ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց չինացի Վան Հաոյի հետ, խաղն ավարտվեց ոչ ոքի:
Մրցեցին նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան-Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Վեսելին Թոփալով (Բուլղարիա) զույգերը: Իսկ 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ուներ. Կարյակին՝ 4.5 միավոր, Կարլսեն՝ 4, Արոնյան, Նակամուրա՝ 3.5-ական, Անանդ, Սվիդլեր՝ 3-ական, Ռաջաբով, Թոփալով՝ 2.5-ական, Վան Հաո՝ 2, Համեր՝ 1.5:

 Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս