Նախկինում անդրադարձել ենք Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի մանկապարտեզի անավարտ շինարարության խնդրին: Ոսկեպարի գյուղապետարանի եւ «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ի միջեւ 2012թ. հունիսի 19-ին կնքված պայմանագրով «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ոսկեպարի մանկապարտեզի համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտել մինչեւ 2012թ. օգոստոսի 30-ը: Ոսկեպար համայնքն իր ներդրումն է ունեցել այդ ծրագրում. գյուղապետարանը կատարված աշխատանքների համար «Կլասիկ պարտներ»-ի հաշվին փոխանցել է 1 միլիոն 900 հազար դրամ: Ծրագիրն իրականացվել է 2012թ. պետական հրատապ 2-րդ ծրագրի շրջանակներում, այդ նպատակով պետբյուջեից տրամադրվել է 11 միլիոն 435 հազար դրամ: Ծրագրի դիմաց Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում գրված է՝ «ավարտված»: Նշենք, որ «Կլասիկ պարտներ»-ը գրանցված է Իջեւան քաղաքի Ասլանյան-174 հասցեում: Տեղեկացանք, որ 2012թ. սեպտեմբերին Ոսկեպարի գյուղապետ ընտրված Երվանդ Եգանյանը եղել է Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում եւ հետաքրքրվել, թե ինչու է կիսավարտ շինարարությունը համարվում ավարտված: Նրան մարզպետարանում հայտնել են, թե շինարարության հանձնման-ընդունման ակտի տակ ստորագրել է Ոսկեպարի նախկին, երկարամյա գյուղապետ Հրուշ Աղբալյանը: Ոսկեպարում տարածված խոսակցությունների համաձայն՝ նախկին գյուղապետը, որը հայրենասեր անձնավորություն է, նման քայլի դիմել է ճնշման տակ: Մեր տեղեկություններով՝ Ոսկեպարի գյուղապետարանն ըստ պայմանագրի դեռեւս մոտ 500 հազար դրամ պետք է փոխանցի շինարարական կազմակերպությանը եւ դա պետք է կատարի շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ դատախազը Ոսկեպարի մանկապարտեզի կիսատ-պռատ շինարարության մասին մեր հրապարակումն ուղարկել է Նոյեմբերյանի ոստիկանություն՝ քննության: Ոստիկանությունը նյութեր նախապատրաստելուց հետո կպարզի՝ այս գործում հանցակազմ կա, թե ոչ: Հավելենք, որ Ոսկեպարի մանկապարտեզի համար նախատեսված տարածքում շինարարական աշխատանքները կատարվել են անորակ: Մեր կարծիքով՝ այս գործից «ատկատի» հոտ է փչում:
ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ