Եթե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, ապա ինչու հացի գինը չի նվազում. վարչապետը` Շաբոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ներկայացնել մանրամասներ սպառողական շուկայում կատարված ուսումնասիրությունների մասին:

Նա նշեց, թե իր ղեկավարած կառույցն անցած տարվա վերջին խիստ վերահսկողություն է սահմանել շուկայի մի շարք ոլորտներում, որի նպատակն է եղել թույլ չտալ, որպեսզի խոշոր ընկերություններն Ամանորի նախաշեմին առիթից օգտվեն և կատարեն գների անհիմն բարձրացումներ:

«Այդ նպատակով հանձնաժողովը զգուշացրել է բոլոր խոշոր ընկերություններին, որ գների անհիմն բարձրացումները համարվելու են գերիշխող դիրքի չարաշահումներ և խիստ պատասխանատվության միջոցներ են կիրառվելու այդ ընկերությունների նկատմամբ: Այնուհետև հանձնաժողովի աշխատակիցներն Ամանորի նախաշեմին ամենօրյա կտրվածքով գնային մոնիթորինգ են իրականացրել Երևանի մի շարք խոշոր սուպերմարկետներում»,- ընդգծեց Շաբթյանը:

Մասնավորապես` ուսումնասիրվել են կաթնամթերքի, շաքարավազի, կարագի, ձեթի, հավի ձվի, ալյուրի և այլ ապրանքների գները. «Ուսումնասիրվել են նաև բենզինի և գազի գները: Այս ապրանքատեսակների գները չեն բարձրացել, հակառակը` եղել են ապրանքներ, որոնց գները նվազել են: Գնային բարձրացումներ եղել են միայն այն ապրանքների դեպքում, որոնց վրա ազդել է ռուսական ռուբլու և հայկական դրամի անկումը»,- ասաց Շաբոյանը:

Ապա վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շաբոյանից հետաքրքվեց, թե եթե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, ապա ինչու հացի գինը չի նվազում: Շաբոյանն էլ ասաց, թե նվազել է, բայց տասը տոկոսով:




Լրահոս