Դերասանուհի ԼԻԿԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ մոտ 10 տարի է, ինչ հաջող կերպով զարգացնում է իր բիզնեսը` հրուշակեղենի «Լակի» դեսերտ արտ ստուդիոն: Լիկայի խոսքով` ինքն իրեն ավելի հարմար է զգում բիզնեսում, բեմն էլ այդքան չի կարոտում: Վերջերս մենք դերասանուհուն տեսանք «Խաղից դուրս» հեռուստասերիալում: Լիկան մեզ հավաստիացրեց, որ իր նկարահանումները հատուկ նպատակ ունեին, իսկ թե ինչպիսի, կիմանաք հարցազրույցից:
-Տարածված կարծիք կա, որ արվեստի մարդիկ թվերից, հաշվապահությունից գլուխ չեն հանում:
-Ես ինձ արվեստի մարդ, արվեստագետ չեմ համարում, ավելի շատ արվեստ սիրող եմ: Իսկ թիվ հաշվել, գումարել ես էլ չեմ անում:
-Դուք մասնագիտությամբ դերասանուհի՞ եք:
-Դերասանուհի եմ, բայց սովորել եմ երկու տարբեր բուհերում, որոնք կապ չունեն Թատերական ինստիտուտի հետ: Իսկ դերասանական կրթություն ստացել եմ հենց թատրոնում: 16 տարի նույն բնագավառում լինելն արդեն մասնագիտություն է:
-Ի՞նչը ստիպեց թողնել արվեստն ու բիզնես սկսել:
-Բիզնեսն էլ է ինձ մոտ արվեստ: Տորթեր ձեւավորելն արվեստ է: Ես նաեւ նկարել եմ ժամանակին, քույրս դիզայներ է, շատ բան եմ սովորել նրանից:
-Կարողանո՞ւմ եք առանց բեմի:
-Կարողանում եմ, կինոն ինձ այդքան չի ձգում, դա ինձ համար ժամանակատար բան է: Բեմը չեմ կարոտում, կարոտում եմ միայն թատրոնը, իմ կոլեգաներին, ընկերներին, ղեկավարին:
-Այդուհանդերձ, որոշեցիք «Խաղից դուրս» սերիալում նկարահանվել, դա բիզնեսը գովազդելու նպատակո՞վ էր:
-Նաեւ բիզնեսը գովազդելու: Առաջարկն ընդունելուց առաջ դա իմ պայմաններից մեկն է եղել: Ես միշտ ուզել եմ լավ ֆիլմում նկարվել, այս անգամ ընդունեցի առաջարկը, որ նախ՝ իմ բիզնեսը գովազդվի, հետո էլ՝ ուժեղ դերասանական կազմ էր, ռեժիսորի աշխատանքների հետ էի ծանոթ:
-Կհամաձայնե՞ք նորից նկարահանվել:
-Միմիայն լավագույն ռեժիսորի, դերասանական կազմի ու լավ սցենարի առկայության դեպքում:
-Գիտեմ, որ ինքներդ եք պատրաստում թխվածքները: Ինչ-որ տեղ սովորե՞լ եք:
-Ոչ մի տեղ չեմ սովորել, ինքնուս եմ: Ոչ մի վերապատրաստման դասեր էլ չեմ անցել: Թխել մանկուց սիրել եմ, տատիկս է շատ լավ թխել, ինձ էլ սովորեցրել է:
-Ստացվում է ընտանեկան բիզնես:
-Այդպես էլ կա. մայրս, քույրս, ես, պապան էլ իր խորհուրդներով է օգնում: Մենք երեքս էլ հավասարաչափ կարողանում ենք թխել:
-Կհիշե՞ք ամենաօրիգինալ տորթը, որ պատրաստել եք:
-Բանակի 20-ամյակին նվիրված շատ հետաքրքիր տորթ էր` զինվորներով, զենքերով, ուղղաթիռներով, ջրվեժներով, սարեր, ձորեր բավական մեծ տորթ էր` մոտ 1 մետր, մենք կտոր-կտոր ենք հանել արտադրամասից:
-Քանի՞ օրում եք թխել:
-Մի օրում, ամեն ինչ պետք է անեինք 1-2 օրվա ընթացքում, միայն վրայի աշխատանքը՝ մարցեպանով այդ խաղալիքները պատրաստելը, մի ամիս տեւեց:
-Հրուշակագործները սովորաբար գեր են լինում, Դուք Ձեզ զրկո՞ւմ եք քաղցրից:
-Ոչ ոք չի հավատում, բայց ես օրը երեք կտոր խմորեղեն եմ ուտում ու չեմ գիրանում: Երեւի իմունիտետ եմ ձեռք բերել քաղցրի հանդեպ կամ էլ քանի որ բնական հումքից է պատրաստվում, ոչ մի արհեստական բան չկա, չի գիրացնում: Ինձ մոտ արտադրամասում էլ ոչ ոք չի գիրանում:
ԻՐԵՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ