ՀԱՐՑ. Լսել եմ, որ եթե անձը մասնակցում է կամավոր կուտակային բաղադրիչին, ապա նա հնարավորություն է ունենում օգտվել հարկային արտոնությունից: Այդպե՞ս է, թե՞ ոչ: Եթե այո, կցանկանայի մի փոքր ծանոթանալ կարգին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կամավոր կուտակային բաղադրիչին մասնակցելու դեպքում անձն օգտվելու է եկամտային հարկի արտոնություններից: Մասնավորապես անձի եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտը նվազեցվելու է մինչեւ 5 տոկոսի չափով: Օրինակ, եթե անձի ամսական բազային եկամուտը կազմել է 100.000 դրամ, եւ նա կատարել է 5000 դրամ կամավոր կուտակային վճար, ապա նրա եկամտային հարկը կհաշվարկվի 95.000 դրամից:
Իսկ գործատուներն իրավունք են ունենալու նվազեցում կատարել շահութահարկի բազայից, եթե կամավոր կուտակային վճարներ կատարեն իրենց աշխատողների օգտին: Գործատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 2,5 տոկոսի չափով:
Գործատուի կողմից վարձու աշխատողի օգտին կատարված կամավոր կուտակային վճարների՝ տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 7.5 տոկոսը չգերազանցող մասի համար գործատուն շահութահարկ չի վճարի:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացված կարգը, անշուշտ, հետաքրքիր է ու հրապուրիչ: Մնում է, որ մարդուն հնարավորություն տան կամավոր ընտրել ներկայացված առաջարկներից որեւէ մեկը: