Ինչպես հայտնի է՝ այսօր ԱԱԾ կողմից ձերբակալվել է «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Նա կասկածվում է «զինված հանցախմբի պարագլուխ» համարվող Արթուր Վարդանյանի հետ համագործակցելու մեջ:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ հատուկ ջոկատայինների կողմից «զինված հանցախումբ է վնասազերծվել»: Խմբի անդամների մեջ կան ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, տարբեր շրջաններից բնակիչներ:
Եվ, ահա հերթական ազատամարտիկը «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի հրամանատար Վլադիմիր Առաքելյանն է: Վերջինս, ի դեպ, այս գնդից արդեն երկրորդ անդամն է, ով անցնում է այս գործով. առաջինը կալանավորվել է 45-ամյա Աղասի Մարտիրոսյանը:
Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ձերբակալությունների շարքը համարել էր հետապնդում ազատամարտիկներ նկատմամբ և հավելել, որ ազատամարտիկները սա այսպես չեն թողնի. կանեն ամեն բան՝ իրականությունը ջրի երես հանելու համար. «Չենք հասկանում՝ էս ի՞նչ սև խաղ են խաղում, ո՞վ է խաղում և ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է այս ամենի մեջ ներքաշվեն ազատամարտիկները: Այն մարդիկ, ովքեր երկրի պաշտպանության ու ազատության համար իրենց կյանքն են վտանգի տակ դրել: Հիմա ամեն պահի էլ նոր անուններ կբացահայտվեն, ու չենք էլ հասկանում, թե ինչու են անունները գաղտնի պահում, եթե ամեն օր ջրի երես են դուրս գալիս»,- մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում այսպես էր բնութագրել իրավիճակը ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:
Այդ ժամանակ մենք նրան հարց էինք ուղղել՝ հնարավո՞ր է արդյոք այս կարգավիճակում հայտնվի ցանկացած ազատամարտիկ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն այս ամենը հետապնդում է համարում, Վ. Առաքելյանը դրական պատասխան էր տվել:
Նրա գնահատմամբ՝ կալանավորների թվում հայտնվել են մարդիկ, ովքեր իրապես կռվել և պատերազմ են տեսել, իսկ սա անընդունելի և աններելի է. «Թող համոզված լինեն, որ ազատամարտիկները չեն լռելու: Մի հատ էնպիսի «բունտ» ենք բարձրացնելու, որ երբեք չմոռանան: Չեն կարող ազատամարտիկի անուն շոշափել ու անպատիժ մնալ: Ազատաարտիկներն իրենց ձեռքերը ծալած չեն նստելու. բոլորն են ոտքի կանգնելու»::
Եվ ահա այսօր նա ևս կասկածվում է խմբին անդամակցելու մեջ: