Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն և ԱՄՆ նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իր հարաբերությունների զարգացմանը Միացյալ Նահանգների հետ, և բարձր գնահատեց առկա հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը և դրա առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կապչանը իր հերթին նշեց. «Ուրախ եմ այս հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ամուր ու բազմակողմանի կապերի առավել ամրապնդման ուղիները, ինչը թույլ կտա հասնել մեր ընդհանուր նպատակին, այն է` ազատ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ»:
Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակվեցին հրատապ միջազգային խնդիրների շուրջ:
Գոհունակությամբ նշվեց, որ 2015թ.-ն բավականին դինամիկ տարի էր՝ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից. ուժի մեջ է մտել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը, անցյալ տարվա մայիսին ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծված առևտրի և ներդրումների խորհրդի անդրանիկ նիստը կայացել է անցյալ նոյեմբերին Երևանում։ Գումարվել է նաև տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Հանդիպմանը քննարկվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորման ուղիների, խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Չարլզ Կապչանն անդրադարձան ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահության հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: