Արդեն երկրորդ անգամ է` ինչ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի միջնորդությամբ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները հետաձգում են ձմեռային արձակուրդները, որը կապված է Հայաստանում տարածված սուր շնչառական հիվանդությունների հետ:
Եվ յուրաքանչյուր նման որոշման հետ մեկտեղ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկում է այդպես վարվել նաև մասնավոր հաստատություններին, սակայն վերջիններս այնքան էլ չեն շտապում հետևել նախարարի հորդորին. Հայաստանում գործող մասնավոր ուսումնական հաստատություններն այս օրերին աշխատել են բնականոն ռեժիմով:
Armlur.am-ը փորձեց պարզել, թե ինչ վերահսկողական մեխանիզմներ են առկա մասնավոր մանկապարտեզների դեպքում և ով պետք է նրանց հրահանգի` դադարեցնել աշխատանքները: Ստացված պատկերն իրոք հետաքրքիր էր. Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը խորհուրդ տվեց այս հարցով դիմել կրթության և գիտության նախարարությանը` պատճառաբանելով, որ գործունեության լիցենզիա այդ հաստատություններին հենց ԿԳՆ է տալիս: Սակայն վերջինիս հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այլ կարծիքի էր. «Իրենք համայնքների աջակցությամբ են աշխատում: Համայնքներն են իրենց վերահսկողությունը կատարում և քաղաքապետարանը», – նշեց նա:
Մինչ երկու կառույցները որոշում են, թե ով է իրավասու մասնավոր հաստատություններին ևս հրահանգներ տալու, վերջիններս աշխատում են բնականոն ռիթմով և, ի վերջո, ապահովագրված չեն վիրուսներից: Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց մի քանի մասնավոր ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ: Պարզվում է` ձմեռային արձակուրդները չերկարաձգելն առաջին հերթին կապված են աշխատող ծնողների հետ, ովքեր երեխաներին խնամող չունեն: Համենայնդեպս, դա են վկայում մեր հարցումները:
«Մերի Պոպինս» մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Չիթչյանը նշեց, որ այս օրերին մանկապարտեզի սաների հաճախելիությունը 15 տոկոս է կազմում , սակայն իրենք մանկապարտեզ չհաճախելու հրահանգ չեն տվել: Տիկին Սուսաննան դա պատճառաբանեց հենց վերը նշված հանգամանքով. մանկապարտեզի սաների բոլոր ծնողներն աշխատում են, և մեծ մասը չունեն խնամողներ, այդ պատճառով իրենք չեն կարող լիովին փակել մանկապարտեզը: Նրա խոսքով` վարակվելու վտանգն առկա է, սակայն իրենք չեն կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ ծնողը գալիս և ասում է, որ պահող չունի:
Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ գործող Հայորդաց տան ուսմասվար Հասմիկը ևս նշեց, որ այս օրերին իրենց կենտրոնն աշխատել է, քանի որ չաշխատելու հրահանգ չի ունեցել: Հասմիկը ևս նշեց, որ հաճախելիությունը ցածր է: Նա նշեց, որ իրենք պարապմունքներին գալու կամ չգալու որևէ հրահանգ չեն տվել, եթե երեխան առողջ է, ապա ծնողը բերում է, եթե ոչ` ոչ:
Իհարկե ծնողների աշխատելու, վճարովի հաստատություն լինելու հանգամանքը և այլ նման պատճառաբանություններ շատ կլինեն, սակայն ինչով են ապահովագրված մասնավոր հաստատությունները, որ չեն երկարաձգում արձակուրդները: Այնպիսի տպավորություն է կարծես պետական հաստատություններ հաճախող երեխաների ծնողները չեն աշխատում, ինչն իհարկե ճիշտ չէ: Թեևէ գլխավոր պատճառը հենց վարձավճարներով աշխատելն է, չէ որ մասնավոր կրթահամալիրները սնվում են հենց վարձավճարներից և նույնիսկ այսպիսի վտանգի դեպքում էլ նրանք չեն հրաժարվի այդ գումարներից:
Խնդրի մյուս կողմն էլ չենթարկվելն է. նրանք այդպես էլ չենթարկվեցին Աշոտյանի հորդորին: Թերևս այստեղ վերահսկողության խնդիր է առկա, եթե պատկան մարմինները միմյանց վրա չգցեն պատասխանատվությունը, այսպիսի պատկեր երբեք էլ չենք ունենա:
Նաիրա Հովհաննիսյան