ՀԺ.Իմ երկու որդիներն էլ ծառայել են ԼՂՀ-ում. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական Ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանը Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունից րոպեներ անց Վերին Գետաշենի գերեզմանոցում բլից-հարցազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ.
“Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երեւան-Սեւան մայրուղու ասֆալտի վրա է:
Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:
Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետեւանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:
Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:
Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:
Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը եւ ժողովուրդը:
Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:
Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:
Դա ինչ երեւույթ է, երբեւէ եղե՞լ է, որ դիակը բերեն:
Կարո՞ղ եմ իմանալ դուք ով եք:
“ՀԺ”-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:
 Շնորհակալ եմ. ես պատասխանեցի:
Երբեւէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:
Ժողովրդի գնահատական է երեւույթի հանդեպ:
Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերոթյունների հետեւանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որեւէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:
Ի՞նչը:
Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն փնում: Որեւէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել ի՞նչն է պատճառը:
Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է ըստ տեղի, ըստ իրավիճակի եւ ըստ զարգացման:
Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:
Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում…
Նրանք ողջ եւ առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:
Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: եթե հնարավոր լիներ, իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:
Այս ընթացքում որեւէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:
Շատ: Շատ:
Բարձրաստիճան, նախարարի տեղակալ շտաբի պետ…
Շատ: Շատ:
Անուն տվեք, մի հոգու անուն:
Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:
Քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է որեւէ մեկը:
Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն”,- մեջբերում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս