«Աշխարհի վերջը չի». պատգամավորները` Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք,  որ օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Ազգային ժողով հրաժարականի դիմում է ներկայացրել, և երկրորդ անգամ նման դիմում ներկայացնելու դեպքում նա կդադարի այդ պաշտոնը ստանձնել:

Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի հետ` հասկանալու համար` որքանով էր Անդրեասյանի դիմումն անակնկալ նրանց համար` հաշվի առնելով Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հայտնի կոնֆլիկտները:

Մարուքյանը նշեց, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականն անակնկալ էր իր համար: «Նրա հրաժարականն անակնկալ էր, սպասված չէր: Կարծում եմ, որ ճիշտ չէր, որովհետև նրա գործունեությանը հետևելով` որևէ առիթ չեմ տեսել հրաժարական տալու: Կարող է` անձնական նպատակներով է հրաժարական տվել, դա այլ բան է: Բայց եթե անձնական չի նպատակը, որևէ կերպ չեմ կարող հասկանալ»,-ասաց Մարուքյանը:

Անկախ պատգամավորը Անդրեասյանի հրաժարականը չկապեց ԱԺ վերջին քննարկումների հետ: «Ազգային ժողովի քննարկումները միշտ բուռն են եղել` կապված օմբուդսմենի զեկույցի հետ: Այդ քննարկման արդյունքում ինչո՞ւ պետք է հրաժարական տար, ի՞նչ էր եղել, որ հրաժարական տար»-ընդգծեց Մարուքյանը:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ ասաց. «Այդ հարցի մասին չեմ մտածել, որ ասեմ` անակնկալ էր, թե` ոչ: Համենայն դեպս, նա իր հրաժարականը չի մեկնաբանել, և ես էլ իրավասու չեմ համարում մեկնաբանելու, մանավանդ որ առանձնապես ինչ-որ ողբերգական բան չկա այդտեղ, սովորական գործընթաց է:
Համենայն դեպս, իր այդ քայլը հարգում եմ, դա իր որոշումն է, աշխարհի վերջը չի: Ես վստահ եմ, որ պարոն Անդրեասյանը իր պրոֆեսիոնալ որակներն այլ բնագավառում կկիրառի»: Վերջինս նույնպես ՄԻՊ-ի հրաժարականը չկապեց ԱԺ վերջին քննարկումների հետ:

Արփինե Թովմասյան




Լրահոս