Անցնող 2015 թվականը հիրավի դրամատիկ ընթացք ունեցավ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության ողբերգական դեպքերով մեկնարկած տարվա ընթացքում շրջադարձային դեպքերի պակասություն չզգացվեց: Փետրվարյան հայտնի իրադարձությունները` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռացումը քաղաքական դաշտից, Բաղրամյան պողոտայի երկշաբաթյա պաշարումը, ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնամասշտաբ միջոցառումները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ այսպես շարունակ: Մի խոսքով, 2015 թվականը, միանշանակ կարող ենք ասել, որ բուռն անցավ: Սակայն, ինչպես նախորդ տարիներին, չենք կարող ասել, որ այն Հայաստանի բնակչության ապագայի հետ կապված նոր հույսեր տվեց:
«Ժողովուրդ»-ի խմբագրակազմը շնորհավորում է Հայաստանի բոլոր բնակիչների Ամանորը եւ մաղթում, որ 2016 թվականը մեր քաղաքացիների համար դառնա նվաճումների եւ ձեռքբերումների, իրենց ունեցածն ավելացնելու տարի:
Հ.Գ. Հարգելի՛ ընթերցողներ «Ժողովուրդ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի 2016 թվականի հունվարի 19-ին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը «տեղավորվել» է ՊՆ վարչական շենքում: Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս հիմնականում իր օրն անցկացնում է ամուսնու` Ս. Օհանյանի աշխատասենյակի հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներից մեկում: Նշվում է, որ Ռ. Խաչատրյանի «աշխատասենյակն» իր շքեղությամբ որեւէ բանով չի զիջում ամուսնու աշխատանքային պայմաններին: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ` պարզելու համար, թե ինչու է Ռ. Խաչատրյանն իր օրը ՊՆ շենքում անցկացնում: Մեր զրուցակիցը հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով. «Նախ շատ կատեգորիկ դեմ եմ պաշտպանության նախարարի ընտանիքի վերաբերյալ նման քննարկումներին: Իսկ երկրորդն էլ, դա աբսուրդ է. Սեյրան Օհանյանը առանձին մասնաբաժնում է նստում, նման սենյակ չկա: Պաշտպանության նախարարության շենքում Սեյրան Օհանյանի կինը չի նստում»:
Երեւանի քաղաքապետարանը երեկ արձագանքել է մեր այն հրապարակմանը, որում անդրադարձել էինք համայնքի բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամները 54 ծառայողական հնամաշ ավտոմեքենաների պահպանման վրա ծախսելու խնդրին: Քաղաքապետարանի աշխատակազմը փորձել է մեր հրապարակումը ներկայացնել իբրեւ իրենց անհիմն մրոտելու փորձ: Ախր, ինչպես այս մարդկանց բացատրես, որ իրենց մասին մենք չենք էլ հիշի, եթե իրենք չմսխեն համայնքի միջոցները: Հետաքրքիր է` ի՞նչ տնտեսական անհրաժեշտությամբ է Երեւանի քաղաքապետարանը համայնքի միջոցներով 12 վարչական շրջաններում 54 հատ ծառայողական մարդատար ավտոմեքենաներ պահում: Ինչո՞ւ պետք է համայնքի միջոցներից 20 տարեկան «Գազ 31»-ի պահպանման համար 550 հազար դրամ ծախսվի, մյուս ավտոմեքենայի վրա՝ 1 միլիոն կամ 800 հազար դրամ, եւ այսպես շարունակ: Ինչպես այս մարդկանց բացատրես, որ աշխարհի ամենամեծ քաղաքների կառավարիչներն անգամ իրենց թույլ չեն տալիս այն ճոխությունները, որոնք հատուկ են Երեւանի քաղաքապետարանին: Հիմա ով է մրոտում Տարոն Մարգարյանին:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ օրերս մի դեպք է բացահայտվել, ըստ որի՝ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պատվիրել եւ տեղափոխել Հայաստան: Ինչպես հայտնի է՝ երկու ամիս առաջ էլ իրավապահները դատապարտյալների կողմի կազմակերպված հանցագործությունների մի ամբողջ շղթա էին բացահայտել: Մասնավորապես, բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալներից մի քանիսը հաջողացրել էին շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով գումար հափշտակել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներից ոմանք ինչ ցանկանում, անում են, իսկ իրավապահներն ընդամենը հերթական հանցագործության դեպքն են արձանագրում:
ԶԱՎԵՇՏԱԼԻ
Ադրբեջանում, պարզվում է, վերջնականապես կորցրել են իրականության զգացողությունը եւ որոշել են, ոչ ավել, ոչ պակաս, ժողովրդավարության դասեր տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Ինչպես հայտնի է՝ օրերս ամերիկացի կոնգրեսական Քրիս Սմիթի հեղինակած օրինագիծը` «2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերտառությամբ, ներկայացվեց ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, եւ ըստ այդ օրինագծի` առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ալիեւյան վարչակազմի նկատմամբ, մասնավորապես մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում «մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների» հետ:
Օրինագծի ներկայացման հաջորդ իսկ օրը Ադրբեջանի Միլի Մեջլիսում հիստերիկ ելույթներից հետո, որոնցում փաստաթղթի շրջանառությունը բացառապես ԱՄՆ-ի հայկական լոբբիի ձեռքի գործը որակվեց, նախօրեին էլ ադրբեջանցի մեջլիսականները հանդես են եկել, իրենց կարծիքով, շատ սրամիտ մի օրենսդրական նախաձեռնությամբ` «Մարդու իրավունքների վիճակը Միացյալ Նահանգներում» անվանումով, որով նախատեսվում է նույնպիսի պատժամիջոցներ սահմանել Միացյալ Նահանգների մի շարք պաշտոնյաների հանդեպ` այդ երկրում «մարդու իրավունքների համատարած խախտումների» համար:
Ընդ որում, ազերի օրենսդիրների հումորի զգացումը ծայրաստիճան օրիգինալ է, ընդհուպ մինչեւ «ԱՄՆ-ում խոսքի ազատության սահմանափակումների» եւ «ընտրությունները կեղծելու» մասին մեղադրանքներ հնչեցնելու աստիճան:
Թե մինչեւ ուր կշարունակվի ադրբեջանական այս անհաջող կլոունադան, եւ արդյոք այս օրինագիծը կընդունվի Մեջլիսի կողմից, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն ինքնին փաստը, որ Ադրբեջանը որոշել է շանտաժի լեզվով խոսել ԱՄՆ-ի հետ, դժվար թե անտեսվի Սպիտակ տան կողմից: Իհարկե, այստեղ կարեւոր է հասկանալ, թե ինչի վրա է Ադրբեջանն այսօր հույս դնում` ըստ էության բացարձակ եւ լկտի մարտահրավեր նետելով Վաշինգտոնին: Արդյոք այդ հարցում Բաքվի դիրքորոշումը կիսում են Անկարայում, թե այս դեպքում Ադրբեջանն արդեն իսկ իրեն նախապատրաստել է ինքնամոռաց կերպով Ռուսաստանի գիրկը նետվելուն:
Ռուս-թուրքական լարվածության այս փուլում իր նման պահվածքով Ադրբեջանն, ըստ էության, նախ եւ առաջ շատ բարդ վիճակում է դնում իրեն, սակայն մյուս կողմից էլ նման կտրուկ կերպով հակազդելով Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ ամերիկյան քննադատությանը` Բաքուն փորձում է նախապես հող պատրաստել իր համար շատ ավելի կարեւոր` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիտարկումների ակտիվացման, սահմանային վերահսկող սարքավորումների տեղադրման եւ հետաքննության մեխանիզմների ներդրման` 85 կոնգրեսականների առաջ քաշած եւ ԱՄՆ պետքարտուղարության հավանությանն արժանացած նախագծի ձախողման համար: