ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ՆՈՐ ՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականը մոտենում է ավարտին, եւ անկախ տարվա ընթացքում կուտակված խնդիրներից, դրանց լուծման ուղղությամբ գործադրված ջանքերի արդյունավետությունից` առաջիկա օրերին կհանգստանան նաեւ քաղաքական ուժերը` առժամանակ ընդմիջելով իրենց քաղաքական գործունեութունը: «Ժողովուրդը» փորձել է պարզել, թե իշխանական եւ ոչ իշխանական դաշտի ներկայացուցիչներն ինչպես են պատրաստվում դիմավորել Ամանորը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, որը, թեեւ, դեմ էր հանդես գալիս սահմանադրական փոփոխություններին, սակայն դա անում էր խիստ չափավոր` առանց ուժերն առանձնապես վատնելու ոչ-ի քարոզչության համար, պարզվում է` հանգստի կարիք ունի եւ պատրաստվում է 10 օր արձակուրդ գնալ: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արձակուրդ գնալու ենք Ամանորի նախաշեմին, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 28, 29 աշխատելու ենք եւ կվերադառնանք, երբ որ սկսվեն աշխատանքային օրերը: Այսինքն՝ 10 օր արձակուրդում կլինենք»: Միսակյանը նաեւ փոխանցեց, որ տոն օրերին քաղաքական որեւէ գործունեությամբ չեն զբաղվելու: «Ամանոր է, տոն է, ամեն մեկն իր ընտանիքում, իր ընտանիքի հետ: Այդ ընթացքում քաղաքական իրադարձություն կամ քաղաքական որեւէ գործընթաց երկրում տեղի չի ունենալու, պայմանավորված այն հանգամանքով, որ Ամանորը մեզանում ընկալվում է որպես կարեւոր իրադարձություն, եւ կփորձենք տոնը՝ որպես այդպիսին, լիարժեք օգտագործել»,-ասաց Միսակյանը:
Իսկ, ահա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը Գագիկ Ծառուկյանից հետո շարունակում է կայանալու փորձեր անել, արձակուրդ գնալու անհրաժեշտություն չի տեսնում: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ կարծում, որ կուսակցությունը պետք է գնա արձակուրդ: Կուսակցությունն աշխատելու է բնականոն հունով, միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը մեզ թույլ կտանք նման շռայլություն` չգնալ կուսակցության գրասենյակ, որից հետո մենք կշարունակենք մեր բնականոն աշխատանքը: Այժմ տեղային բազմաթիվ կառույցների հետ հանդիպումներ ենք ունենում, ամփոփում ենք տարին, արվածը-չարվածը, ծրագրում ենք առաջիկա անելիքները»:
Հետաքրքրվեցինք` արդյոք կուսակցության 33 պատգամավորներն էլ պատրաստ են արձակուրդից հրաժարվել: «Հիմա անկեղծ չի լինի, որ ասեմ՝ բոլոր 33 պատգամավորները ամսի 3-ից աշխատելու են: Այն մարդիկ, ովքեր մշտապես ակտիվ են, կշարունակեն ակտիվ աշխատել»,-մեր ճշտող հարցին պատասխանեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Արձակուրդ գնալու միտք չունի նաեւ ՀԱԿ խմբակցությունը, որը շարունակում է հանրաքվեի կեղծման դեմ պայքարը: «Մենք արձակուրդ չգիտենք՝ ինչ է, արձակուրդ մեզ համար չկա, ժամանակ էլ չունենք գնալու արձակուրդ: Ազատ մարդկանց խումբ է, ազատ մարդկանց ռեժիմով էլ աշխատելու ենք: Նոր տարվա գիշերը միասին ենք անցկացնելու, ընդհանրապես տոները միասին ենք անցկացնում: Մենք այս պահին եւ հունվար ամսին հանրաքվեի արդյունքներով ենք զբաղված, խախտումներն ենք հավաքում: Աշխատանքը ծավալուն է, արձակուրդի ժամանակ չունենք»,-ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Եթե ոչ իշխանական դաշտի եւ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարած ուժերը չեն պատրաստվում հանգստանալ, ապա իրենց քաղաքական թիվ մեկ ծրագիրը կյանքի կոչած իշխող Հանրապետական կուսակցությունում եւ սահմանադրական փոփոխությունների ջատագով «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ում պատրաստվում են լիարժեք վայելել տոները` օգտվելով վաստակած հանգստի իրավունքից:
«Արձակուրդ գնալու ենք օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ դեկտեմբերի 31-ից, իսկ աշխատանքի էլ կվերադառնանք հունվարի 7-ին, 8-ին: Այժմ պատրաստվում ենք դիմավորել Ձմեռ պապին եւ տարին կամփոփենք մեր հաշվետվություններով եւ կատարված աշխատանքներով, շրջանային եւ տարածքային կազմակերպությունների գործառույթները համակարգելով: Իսկ տոն օրերը կլինենք ե՛ւ սահմանում` մեր զորքերի հետ, ե՛ւ մեր տներում` ընտանիքների հետ, մեր կուսակիցների հետ: Բացի այդ՝ տարբեր միջոցառումներ կկազմակերպենք մարզերում եւ Երեւանի վարչական շրջաններում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը:
ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն էլ նկատեց, որ իրենք արձակուրդը կընդհատեն միայն, եթե «երկիրը կանգնի, ինչ-որ արտակարգ վիճակ լինի, ինչպես բոլոր մարդկանց համար, այնպես էլ մեր քաղաքական ուժի համար, կդադարեն արձակուրդները եւ հանգստյան օրերը»:
Հուսանք, որ նման բան չի լինի, եւ մեր բոլոր քաղաքական ուժերը, անկախ տարաձայնություններից, ՀՀ քաղաքացիների հետ լիարժեք կտոնեն Ամանորը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԼՂՀ-ՈՒՄ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է իր «Ազատ հայրենիք» կուսակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ներկայացնել առաջարկություններ` ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հետ կապված: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի այդ հարցի հետ կապված ԼՂՀ նախագահը: Ըստ Բաբայանի՝ նման առաջարկ դեռեւս չի ստացվել: «Դեռ չի դիմել, երբ կդիմի, կտեսնենք: Պետք է ամեն ինչ խորաթափանց ձեւով վերլուծվի, մշակվի, բազմաթիվ քաղաքական կոնսուլտացիաներ կան: Ի վերջո, սա քաղաքական լուրջ գործընթաց է»,- հայտարարեց ԼՂՀ նախագահի խոսնակը:
Հարցին, թե ինչպես է նման հեռանկարին վերաբերում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ հարցը դեռ ներառված չէ Արցախի քաղաքական օրակարգում, այդ պատճառով նախագահի դիրքորոշման մասին խոսելը ճիշտ չի լինի: «Այդ հարցը քաղաքական օրակարգ չի մտել, այդ պատճառով վաղաժամ է խոսել նախագահի դիրքորոշման մասին, երբ որ կլինի, դիրքորոշումը պարզ կլինի»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

 

ԻՆՔՆԱՄՈՌԱՑ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ
Երեկ «ժողովուրդ»-ը ՕԵԿ-ի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորման մամլո խոսնակ Վահե Մոսինյանից հետաքրքրվեց, թե միավորման անդամները երբվանից են պատրաստվում արձակուրդ գնալ եւ առաջիկայում ինչ ծրագրեր են պլանավորել: «Դեկտեմբերի 29-ից արդեն արձակուրդում կգտնվենք, արձակուրդը մեզ համար կավարտվի հունվարի 2-րդ շաբաթից: Փետրվարին հանդիպումներ են նշանակված «Հայկական վերածնունդ»-ում ձեւավորված հանձնաժողովների կազմերի հետ: Հանդիպումների շրջանակներում կքննարկվեն 2016 թվականի աշխատանքների հետ կապված ծրագրերը»,- ասաց Վահե Մոսինյանը: Նա նաեւ տեղեկացրեց որ ՕԵԿ առաջնորդ, «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորման նախաձեռնող Արթուր Բաղդասարյանը արձակուրդ կմեկնի դեկտեմբերի 30-ից կամ 31-ից:

 

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գայանե Խաչատրյանը հացադուլ է հայտարարել: Նա քրեակատարողական հիմնարկում հայտնվել է խարդախության մեղադրանքով: Դատապարտյալի հարազատները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ ամեն ինչ արել են՝ իրենց հարազատին համոզելու համար, որպեսզի նա այդ քայլին չգնա, սակայն չի լսել հորդորներին: Իսկ նրա հացադուլի դիմելը պայմանավորված է իր ազատազրկման պայմանների հետ: Ըստ հարազատների՝ դատարանը որոշել է, որ Գայանե Խաչատրյանը պետք է ազատ ռեժիմում լինի, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվում է դատարանի վճիռը կատարել:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արկադի Խաչատրյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ` մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով: Իսկ Արմենակ Դարբինյանը նշանակվել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:

 

ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ
Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որի նպատակն է ռազմավարական մակարդակի կրթական օղակի ստեղծումը, մասնավորապես ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգության ոլորտում գիտատեսական եւ գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը: Հաստատությանը ֆինանսական ճկունություն ընձեռելու համար գործադիրի մեկ այլ որոշմամբ կստեղծվի պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրամ, որի նպատակն է աջակցել ՀՀ ժամանակակից ռազմագիտակրթական մշակույթի զարգացմանը:

 

ԱՆՎՃԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԵՆ
Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: Ըստ որոշման կից հիմնավորման՝ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները եւ թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: Որոշմամբ սոցիալապես անապահով 48733 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը կիրականացվի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների միջոցով:

 

ՀՐԱՎԻՐԵԼ Է
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության իր գործընկերներին հրավիրել է սիրիահայերի հուշանվերների ցուցահանդես: «Այդպես մենք, բացի ամեն ինչից, կաջակցենք Սիրիայից ժամանած մեր հայրենակիցներին»,-ասել է նախարարը Կառավարության նիստից հետո: Ցուցահանդեսը բացվել է երեկ, կառավարության շենքում, այն կտեւի մի քանի օր եւ բաց կլինի մինչեւ ժամը 19.00-ն:

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ երեկ հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքներից բազմաթիվ երեխաների, ինչպես նաեւ առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիրների, սահմանափակ կարողություններով եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, եւ մեկնարկել է տոնական միջոցառումը:

 

ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա: Հիշեցնենք, որ Զուրաբյանը օրերս Կոստանյանին էր ուղարկել 5 ընտրատեղամասի ստորագրություններով ու կնիքով արձանագրության քաղվածքներ՝ պնդելով, որ դրանցում առկա տվյալները չեն համապատասխանում ԿԸՀ-ի հրապարակած թվերին: Նշենք, որ մինչ օրս իրավապահներն ուսումնասիրել են ընդհանուր առմամբ 487 ահազանգ, որոնց ծանրակշիռ մասը՝ 428-ը, ըստ դատախազության, պարունակել են առերեւույթ հանցագործության մասին տվյալներ, 46-ի փաստով հարուցվել է քրեական գործ, մեղադրյալների կամ կասկածյալների մասին տեղեկություններ չկան:




Լրահոս