2016Թ. ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՏԱՐԻ՞ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվում է 2015թ., որը 20-30 տարի հետո պատմաբանի քննախույզ հայացքի ներքո հանդես է գալու իբրեւ հակասությունների մի ժամանակահատված: Արձանագրենք, որ վերջինս, ապշեցուցիչ իրադարձություններով մեկնարկելով, ուղեկցվեց մեր երկրում արմատացած բացասական ավանդույթների ողջ շքեղությամբ` ավարտվելով նորանոր փորձանքներ բերելու պատրաստակամության արդեն երեւացող դրսեւորումներով:

Պյուռոսյան հաղթանակ
2015թ. փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ձեռնարկեց 4-օրյա մի ռազմարշավ, որի արդյունքում քարուքանդ արեց ընդդիմադիր եռյակը: Հաշվի առնելով ընդդիմադիր այդ միավորման` պառակտվելու շեմին կանգնած լինելու, ներքին անվստահության մթնոլորտի գերակայության հանգամանքները` խիստ կասկածելի է, որ եռյակին կհաջողվեր կենսունակ մնալ: Բայց Սարգսյանը չցանկացավ նվազագույն ռիսկի անգամ դիմել եւ իր կայծակնային մենամարտը ավարտին հասցրեց: Հարկ է նկատել, որ Սարգսյանը բավականին բիրտ եղանակ նախընտրեց բոլորին հասկացնելու, որ ինքն է Հայաստանում բաժանում քաղաքականությամբ զբաղվելու արտոնագիրը: Մինչ այս Հայաստանում քաղաքական հարցերը լուծվում էին իրավապահ մարմինների անմիջական մասնակցությամբ, սակայն փետրվարից ճգնաժամի հանգուցալուծման համար ներմուծվեց հանցաշխարհին բնորոշ «սխոդկաների» ավանդույթը: ՀՅԴ-ի միջոցով քաղաքական շղարշ ստեղծելով հանդերձ` անհնար եղավ խուսափել Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի ապարանքներում ժամեր տեւած «ռազբորկաների» հրապարակայնացումից:
Ըստ էության, Սերժ Սարգսյանը անթաքույց կերպով պարտադրեց, որ՝
ա) հայաստանյան որեւէ գործարար իր դեմ դուրս գալու իրավունք չունի,
բ) ընդդիմությունը չի կարող տիրապետել ֆինանսական լծակների եւ
գ) Հայաստանում քաղաքական հարաբերությունները կարգավորվում են բացառապես հանցաշխարհին հարիր օրենքներով: Սերժ Սարգսյանի ջարդուխուրդի տխուր արդյունքներից եղավ նաեւ այն, որ այսուհետ որեւէ հայաստանյան գործարար չի հանդգնի դեմ դուրս գալ նրան, ինչով նոր սողանցքներ են բացվելու օտար պետությունների անարգել միջամտությունների համար:
Երկարաժամկետ կտրվածքով Սերժ Սարգսյանի փետրվարյան նվաճումները բառացիորեն հիշեցնում էին պյուռոսյան հաղթանակը, որ հենց իր իշխանությունն ավելի խոցելի դարձրեց արտաքին շրջանակների առաջ: Ներքին հակակշիռների բացակայությունը կամ լրացվելու է արտաքին արհեստածին տարրերի կողմից, կամ էլ իշխանությանը թողնելու է դաշտում միայնակ` հարկադրված կատարելու ՌԴ-ից կամ ԱՄՆ-ից եկող ցանկացած հրահանգ` էլ չխոսած խաղաղ իշխանափոխության բոլոր դռների անվերադարձ կողպման մասին:

Ցեղասպանության «տոնակատարությունները»
2015թ. լրացավ Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Իշխանությունը ջանք չխնայեց ապրիլի 24-ից առաջ հասարակության մեջ ծայրահեղական, պահանջատիրական ու դաշնակցական տրամադրություններ սերմանելու ուղղությամբ: Ազգային փսիխոզի աստիճանի հասցվեց Թուրքիայի հանդեպ ատելությունը, որի արդյունքում հայաստանցիների մեծ մասը հակվեց երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում Ցեղասպանության ճանաչման նախապայմանի օգտին: Իրականում, սակայն, հույսերը, թե համազգային «միասնության» արդյունքում սփյուռքից ֆինանսական հոսքեր կստացվեն, այդպես էլ չարդարացան: Բավական է արձանագրել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի արդյունքը եղավ ընդամենը 10 միլիոն ԱՄՆ դոլարը` ի հեճուկս 1998թ. պահանջատիրության էմիսարի կամուֆլյաժով չքմեղացող Քոչարյանի` տարեկան 300-400 միլիոն դոլար Հայաստան բերելու խոստումներին: Փոխարենը Հայաստանի պետական բյուջեից վատնվեց ավելի քան 50 միլիոն դոլար` անմոռուկների ու զանազան ինքնանպատակ, ներքին սպառման քարոզչական միջոցառումների վրա: Հայսմ` Հայաստանը հերթական անգամ հանդես եկավ 100-ամյա ողբերգությունից իրեն կորցրած, հակասական կերպարով, որ աշխարհին հղում է պահանջատիրություն քարոզող մի հռչակագիր` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ստորագրել դրա ճիշտ հակառակ տրամաբանությանը ենթակա հայ-թուրքական արձանագրությունները: Ի դեպ, Ցեղասպանության տարելիցի միջոցառումները անխոհեմաբար վերածվեցին ռեալիթի-շոուի կամ տոնակատարության, որի կիզակետում միմիայն Սերժ Սարգսյանն էր: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ կա՛մ Սերժ Սարգսյանը կոտորածների վերջին փրկվածն էր, կա՛մ էլ բացառապես միակ ցեղասպանագետն ու պահանջատերը աշխարհում: Բայց հանուն արդարության, պետք է նշել, որ կազմակերպված միջոցառումները, Հռոմի պապի մատուցած պատարագը, Հայաստանի միջազգային հեղինակությունը՝ որպես հնագույն ազգի, այնուամենայնիվ, դրական արդյունք տվեցին:

«Վերջիբոլշեւիկյան» Հայաստան
Տարին եզրափակվեց Հայաստանում փաստացի գողապետական կարգերի իրավական ամրագրումով, որ իրագործվեց դեկտեմբերի 6-ին: Նկատենք, որ այդ օրը տեղի ունեցավ ամեն ինչ, բացի համաժողովրդական քվեարկությունից: Անշուշտ, կասկածից վեր էր, որ այո-ն անցնելու էր, քանզի հնարավոր չէ, որ Սերժ Սարգսյանը գնա ընտրության` առանց վստահության, որ ցանկացած գնով կարող է հաղթել: Ավելի տխուր էր ընդդիմության դրությունը, որի մի հատվածը կրկին նետվեց ի սկզբանե պարտված պայքարի մեջ` խոստանալով պահել ձայներն ու հաջորդ օրը հիշելով ռեժիմի հրեշավոր էությունը, իսկ մյուսը հրապարակներում անիրական կոչերից հետո այժմ հանգել է Ամանորը «ընտանիքի հետ անցկացնելու» մտքին: Այսպիսի իրավիճակում ի՞նչ է մնում հասարակությանը, երբ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը չեն գիտակցում սեփական խոսքի կշիռը: Համատարած անլրջության այսօրինակ մթնոլորտում էլ Սարգսյանին հաջողվեց հերթական անգամ ապահովագրել իր իշխանությունն ու հաղթանակ տանել իրեն կարգավիճակով հաջորդողների նկատմամբ: «Հաց եւ տեսարաններ» նշանաբանից միայն տեսարանները ապահովելով` Սերժ Սարգսյանը լրջագույն հաղթանակ տարավ ներքին մրցակիցների նկատմամբ:
Միով բանիվ` 2015թ. անտարակույս դարձավ շրջադարձային տարի, որի բացասական միտումներն անխուսափելիորեն լրջագույնս խորանալու են առաջիկա տարում: Իշխանությունը, մանր ու անկարեւոր խնդիրների թնջուկը տաք պահելով, կփորձի հասնել 2017թ., եթե մինչ այդ արտաքին շրջանակները ֆորս-մաժորի առաջ չկանգնեցնեն մարտահրավերներին դիմակայելուն անպատրաստ Հայաստանը: Եվ կարծես Սերժ Սարգսյանի աննախադեպ խիստ խոսքերը ՀԱՊԿ-ի հասցեին հենց այս շարքից են: Իսկ հասարակությանը մնում է ջանք չխնայել 2016 թվականին հաղթահարելու նախորդ տարվա մատուցած փորձանքները: Հուսանք` կհաջողվի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԸ ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ձկնաճեցման լճակներ, ջրային նշանակության հողամասեր եւ խոտհարքներ: Մասնավորապես պարզեցինք, որ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող ձկնաբուծարանները հանդիսանում են գրավի առարկա: Դրանց արժեքը կազմում է 160 մլն 400 հազար դրամ: Առայժմ, սակայն, գնային ոչ մի առաջարկ չկա:

Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ տեւական ժամանակ է, ինչ այդ ձկնաբուծարանները աճուրդի են հանված: «Չեն գործում այդ ձկնաբուծարանները: Սեփականատերերը Նորամարգի բնակիչներ չեն»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց գյուղապետը:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը Նորամարգի բնակիչներից տեղեկացավ, որ այդ ձկնաբուծարանների սեփականատերը Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ է: Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք պատկանում են Արբաթի գյուղապետ Արայիկ Պետրոսյանի եղբորը, ով վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք գրավադրել է բանկում, որն էլ դրանք աճուրդի է հանել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի օր շարունակ փորձեց կապ հաստատել Արբաթի գյուղապետի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Ամփոփելով` նկատենք, որ անցնող տարվա «ձեռքբերումներից» մեկն էլ ձկնաբուծության ծավալների անկումն է. ողջ տարվա ընթացքում բազմաթիվ ձկնաբույծներ, չկարողանալով արտահանել իրենց արտադրանքը, հայտնվեցին սնանկացման եզրին: Մինչդեռ մեկ տարի առաջ անդամակցելով ԵՏՄ-ին՝ հայրենի կառավարությունը ձկնաբույծներին բարգավաճում եւ սրընթաց զարգացում էր խոստանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԶՈՀ ԿԱ, ԻՍԿ ՄԵՂԱՎՈՐ` ՈՉ
Երեւանի բնակիչ, 1984թ. ծնված Գրիգոր Միզախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, իր վարած «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայով, Մ-16 ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում թույլ է տվել ՃԵԿ-ի 54 եւ 55 կետերի ու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Ըստ մեղադրանքի` Գ. Միրզախանյանը երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեխնիկական տեսակետից պետք է ավտոմեքենան վարեր երթեւեկելի մասի իր ընթացքի ուղղությամբ աջ կողմի երթեւեկելի գոտով` այլ ավտոմոբիլների կամ խոչընդոտների բացակայության պայմաններում՝ ձեռնպահ մնալով երթեւեկելի մասի մեջտեղի երթեւեկելի գոտի մուտք գործելուց: Սակայն նա փոխելով իր երթեւեկելի գոտին` բախվել է իրեն հանդիպակաց ընթացող, Գերմանիայի քաղաքացի Ֆրանկ-Ալեքսանդր Լանգեի կողմից վարվող «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենային, որի հետեւանքով իր ավտոմեքենայի ուղեւորներ, Վրաստանի քաղաքացիներ Նանա Տարտարաշվիլու առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ Թամար Ջգամաձեն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Նույն մեղադրանքն առաջադրվել է նաեւ Գերմանիայի քաղաքացի, 1957թ.ծնված Ֆրանկ-Ալեքսանդր Լանգեին: 2015թ. սեպտեմբերի 4-ին գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը որոշում է կայացրել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին: Դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Միրզախանյանին եւ Ֆրանկ-Ալեքսանդր Լանգեին 242 հոդվածի 2-րդ մասով ճանաչել անմեղ եւ արդարացնել: Դատավորը իր վճռում հղում անելով քրեական գործով փորձագիտական եզրակացությանը՝ նշել է, որ դեպքի վայրի ճանապարհահատվածի եւ դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, չապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի եւ կանոնների պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման, ճանապարհային նշանների փոփոխության մասին ժամանակին չտեղեկացնելով ճանապարհային երթեւեկության մասնակիցներին՝ տեխնիկական տեսակետից ստեղծել են վթարային իրադրություն: Տավուշի մարզի դատախազությունը Ռ. Մելքոնյանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հայտարարել է, թե խոշոր սուպերմարկետներին նախատոնական այս օրերին վերահսկողության տակ են պահում: «Մեր տեսադաշտում են գտնվում խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները, որպեսզի պահանջարկի աշխուժացման ժամանակ չստացվի, որ խոշոր ընկերություններն առիթից օգտվեն եւ հակամրցակցային գործողությունների արդյունքում գնային չարաշահման երեւույթներ իրականացնեն»:




Լրահոս