Հանրապետական կուսակցությունն այս տարի համագումար է հրավիրելու: Այս մասին այսօր գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, այդ թվում` համագումարի վերաբերյալ, որն այս տարվա ընթացքում կայանալու է»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:
Անդրադառնալով Կարեն Անդրեասյանի հրաժարականին` նա նշեց, որ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի բուռն քննարկումները չեին կարող հիմք կամ պատճառ հանդիսանալ հրաժարականի:
«Խնդիրը վերաբերել է զեկույցին, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Ես չեմ կարծում, որ մեզանում այն իրավիճակն է, որ Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ պաշտպանության անհրաժեշտություն ունի կամ էլ այն իրավիճակում է, որ իրեն պետք է պաշտպանեն»,- ասաց նա: