Ի՞նչն էր կնոջը դրդել ինքնասպանության և դստեր սպանության փորձ անել. մանրամասներ Մասիսում տեղի ունեցած արտակարգ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա սեպտեմբերի 16-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: 36-ամյա Շուշանիկ Թ.-ն փորձել է թույն խմելու միջոցով ինքնասպան լինել: Նույն թույնը նա տվել է նաև իր 4-ամյա դստերը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել և ուղարկվել է դատարան: Այն մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին:

Նախ հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ կինը դեպքից որոշ ժամանակ առաջ ամուսնալուծվել էր, բնակվում է մոր և դստեր հետ: Մասիսում լուրեր էին շրջանառվում, թե երիտասարդ կինը չէր կարողանում համակերպվել ամուսնալուծվածի կյանքին և սոցիալական պայմաններին: Նույն լուրերի համաձայն` ամուսնալուծության պատճառը եղել է ամենօրյա վեճերն ու անհաշտությունները:

Արդյունքում նա որոշել էր իր և դստեր կյանքին վերջ տալ: Այսօր արդեն Շուշանիկ Թ.-ն գտնվում է «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում:

Ըստ մեղադրական եզրակացության՝  Շուշանիկ Թ.-ն 2015 թվականի սեպտեմբերի 16-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի իր տան ննջասենյակում  4-ամյա դստերը ներարկիչի միջոցով խմեցրել է սնդիկի հիդրօքսիդ:

Բարեբախտաբար, հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ տանը գտնվող նրա ընտանիքի անդամները վերջինիս տեղափոխել են «Մասիս» ԲԿ:

Ի դեպ, սնդիկը կինը ձեռք է բերել Մասիս քաղաքի դպրոցներից մեկից:




Լրահոս