«Զվարթնոց»-ի հին շենքի քանդումը` անհեռատես քայլ. շենքի հեղինակի դուստրը դիմել է քաղաքաշինության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանը 2015թ.․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն էր տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար: Այս փաստը թե’ ճարտարապետների, թե’ հանրության կողմից թեժ քննարկումների պատճառ հանդիսանացավ:

Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ, օդանավակայանի հին շենքի հեղինակ Արթուր Թարխանյանի դստեր Անահիտ Թարխանյանին ևս անչափ մտահոգում է այս հանգամանքը: Վերջինս, ելնելով ստեղծված իրավիճակից, նամակով դիմել է քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով ուսումնասիրել և դադարեցնել քաղաքապետի կողմից տրված քանդման թույլտվության որոշումը:

Թարխանյանի խոսքով՝ ընդունելի չէ օդանավակայանի թեկուզ մասնակի քանդումը, քանի որ այն ստրատեգիկ նշանակություն ունեցող կառույց է և մեր ապագա անվտանգության երաշխիքը:

«Զվարթնոց» օդանավակայնը ապագա տարիների մեր միակ երաշխիքն է: Գոյություն ունեցող նոր օդանավակայանը միայն բիզնեսի ծրագիր է: Այսինքն` մասնավոր սեփականություն և ցանկացած րոպեին կարող է վերավաճառվել, կարող է դադարեցնել իր գործունեությունը: Այս պարագայում ոչնչացնել կամ մասամբ ապամոնտաժել գոյություն ունեցող մեր ստրատեգիկ օդանավակայանը, հանցավորություն է: Չի կարելի այսպիսի անհեռանկար քայլ անել»,- ասաց Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով էլ` որոշումը բավականին տարօրինակ էր: Նրա պնդմամբ` ճարտարապետները եզրեր են փորձում գտնել, որպեսզի այս հարցը հնարավորինս շուտ լուծում ստանա:

«Մենք արդեն բազմաթիվ շենքեր ենք քանդել մեր պատմության էջերից: Այդ վերաբերմունքը մեզ շատ հուզում է: Կարծում ենք` հետագա քայլեր կլինեն` իրար հասկանալու և վերջնական նախագիծ ներկայացնելու համար, որով և’ հանրությունը գոհ կլինի, և’ մենք ուրախ»,-ասաց Մկրտչյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նույնպես հակված է այն մտքին, որ օդանավակայանը քանդելու անհրաժեշտություն չկա: «2013թ դեկտեմբերին որոշում կայացվեց քանդելու վերաբերյալ: Կառավարությունը կուտակված որոշումների շարքում թույլ տվեց  քանդել: Մեր համոզմնունքն է, որ քանդելու անհրաժեշտություն չկա եւ կարելի է օգտագործել»,-նշեց նա:

Արփինե Թովմասյան




Լրահոս