ԿԲ նախագահի արձագանքը կարկտահարությունից տուժած գյուղաբնակների խնդրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես արդեն armlur .am-ը տեղեկացրել էր, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակ էր ուղղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին.
Պատգամավորն իր նամակում մասնավորապես նշել էր, որ իրեն են դիմել Արմավիր և Արագածոտն մարզերի բազմաթիվ գյուղացիներ և հայտնել, որ մայիսի 12-ին տեղացած առատ կարկուտի հետևանքով կարկտահարվել են մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները:
“Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկան կարկուտի դեմ պայքարելու բավարար չափով միջոցներ, ինչի հետևանքով կարկտահարությունը տարեկան մի քանի անգամ մեծ վնասներ է պատճառում գյուղացիական տնտեսություններին, հատկապես գարնանը, երբ կարկտահարվելուց հետո քիչ է հավանական, որ ծառերը տվյալ տարում նորից կծաղկեն և բերք կտան: Չունենալով ո՛չ բերք, ո՛չ էլ եկամտի որևէ այլ աղբյուր՝ այս գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց հիմնական մասը վարկառու է և այժմ չի կարող անգամ ընտանիքի կարիքները հոգալ, առավել ևս մարել վարկը: Նրանցից շատերն արդեն իսկ որոշել են մեկնել արտերկիր աշխատելու: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ առևտրային բանկերի հետ քննարկել վերոհիշյալ գյուղացիական տնտեսություներին տրամադրված վարկերի սառեցման հարցը և հնարավորության դեպքում ժամանակ տրամադրել այդ վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել կրած վնասներից հետո և ապա շարունակեն վարկերի մարումը”:
ԿԲ Նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորին պատասխանել է, որ ՀՀ ԿԲ-ն արդեն իսկ նախաձեռնել է համապատասխան գործընթացներ ՀՀ առևտրային բանկերի հետ նշված խնդիրների կարգավորման ուղղությամբ: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ներկայումս առևտրային բանկերն աշխատանքներ են իրականացնում կարկտահարությունից տուժած գյուղական համայնքների բնակիչների շրջանում: Բանկերի կողմից անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր վարկառուին՝ խնդիրները հնարավորինս արդյունավետ կերպով լուծելու նպատակով: 
Մանրամասն՝ փաստաթղթում.




Լրահոս