Կաթողիկոսն ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց “Հայաստան” համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին` գլխավորությամբ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի:
Ողջունելով հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին: Գնահատանքով անդրադառնալով “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործունեությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հիմնադրամի ծառայությունը` կոչված Հայրենիքի կյանքի առաջընթացին ու բարօրությանը, մեծ հանձնառություն ու հետևողական աշխատանք է պահանջում:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայ Եկեղեցու առավել չափով ներգրավվածությունը հիմնադրամի աշխատանքներում, ինչը կնպաստի նաև ազգային ինքնագիտակցության կերտմանն ու ազգային ոգու արթնացմանը: Վերջում Նորին Սրբությունն արդյունավոր գործունեություն մաղթեց հիմնադրամին:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայիս վիճակին ու գործունեությանը տարբեր ոլորտներում, Սիրիայի հայ համայնքին և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերված օգնությանը, ինչպես նաև ներեկեղեցական և միջեկեղեցական տարբեր խնդիրներին:




Լրահոս