«Սպայկա» ընկերության պահեստներում նախորդ գիշերվանից բռնկված հրդեհը միայն երեկ՝ կեսօրից հետո, ԱԻՆ աշխատակիցներին հաջողվեց մարել: Ընդ որում, հրդեհը մարելու համար փրկարարները ստիպված եղան քանդել շենքի որոշ հատվածներ, քանի որ ներսում դյուրավառ հեղուկ, պլաստմասսե տարաներ ու արկղեր կային, որոնք թույլ չէին տալիս արագ մարել կրակը: Բարեբախտաբար, ընկերության փաստաթղթերը չեն այրվել, սակայն «Սպայկա»-ն միլիոնավոր դոլարի վնասներ կրեց: Իսկ թե ինչի հետեւանք էր հրդեհը, երեկ որեւէ մեկը չէր խոսում այդ մասին. հետաքննությունը կպարզի: Միայն հայտնի է, որ ընկերությունը շատ գյուղացիների բավական մեծ թվով գումար էր պարտք:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Սպայկա» ՍՊԸ-ն հիմնադրել է Դավիթ Ղամբարյանն իր եղբոր հետ: Սակայն երբ 2008թ. Դ. Ղամբարյանը, ինչպես ՀՀ բնակչության մեծ մասը, մասնակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հանրահավաքին, շատերի պես նրան էլ կալանավորեցին: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթն իր «պատիժը» կրել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նրա ազատվելուց հետո ընկերության համասեփականատեր է դարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Սակայն մոտ մեկ տարի առաջ Քոչարյանի որդին իր բաժնեմասը վաճառել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
ԻՆՉՈ՞Ւ ՀՐԴԵՀՎԵՑ «ՍՊԱՅԿԱ»-Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ