ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՐՃ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է փակուղում, գիտակցում են թե՛ հակամարտության անմիջական կողմերը, թե՛ միջնորդական առաքելություն ստանձնած գերտերությունները: Կազանյան ձախողված հանդիպումից հետո    տեղապտույտում հայտնված բանակցային  գործընթացում, չնայած  ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ միջնորդների ներկայացուցիչների   հնչեցրած լավատեսական հայտարարություններին,  այդպես էլ տեղաշարժ չի նկատվում: Իսկ ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` մեկ տարի առաջ Հայաստան եւ Ադրբեջան  կատարած այցի շրջանակներում  արած հայտարարությունը, թե առաջիկայում կողմերին կառաջարկվեն կարգավորման նոր սկզբունքներ, կարծես թե այդպես էլ մնաց անհետեւանք:  Մինչդեռ մեծ տարածաշրջանում, այդ թվում եւ` Իրանի շուրջ, գործ ընթացները շարունակվում են զարգանալ մեզ համար ոչ մի լավ բան չխոստացող հունով, իսկ   Հայաստանին ու Ադրբեջանին տրված թայմ աութը` կապված երկու երկրներում  նախագահական ընտրությունների անցկացման հետ, կիսով չափ սպառվել է: Եվ արդեն առաջիկա աշնանը՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից հետո,  կողմերին ստեղծված փակուղային  վիճակից դուրս գալու` գերտերությունների առաջարկները շատ ավելի կոշտ եւ վճռական կլինեն: Փորձագիտական որոշ շրջանակներ չեն բացառում անգամ  այսպես կոչված` «համաձայնեցված պատերազմի» հավանականությունը, որի արդյունքում կողմերից յուրաքանչյուրն էլ ինչ-որ բան կկորցնի` ինչ-որ բան շահելու դիմաց: Այսինքն` կյանքի կկոչվեն բանակցային սեղանին դրված իրական պայմանները, որոնց իրագործմանը, սակայն,  Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի դեպքում խաղաղ իրավիճակում չեն հանդգնի գնալ: Իսկ ահա պատերազմի արդյունքում  ձեւավորված նոր ստատուս քվոն հնարավորություն կտա նրանց  ե՛ւ փրկել իրենց դեմքը, ե՛ւ պահպանել իշխանությունը: Որքանով է նման սցենարը հավանական` դժվար է ասել, համենայնդեպս` քիչ չեն նախադեպերը, երբ  պատային իրավիճակները հենց նման համաձայնեցված պատերազմների միջոցով են լուծվել: Ընդ որում, ամենեւին էլ պարտադիր չէ, որ այդ ամենը տեղի ունենա Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ: Բավական է, որ գերտերությունները միմյանց միջեւ պայմանավորվեն, իսկ Ադրբեջանին պատերազմի մղելն այդ դեպքում հաստատ բարդ չի լինի: Այս ամենը, վստահաբար, գիտակցում են նաեւ Հայաստանի իշխանություններն ու փորձագիտական շրջանակները: Սակայն ինչպիսի՞ քայլեր են նրանք ձեռնարկում` նման սցենարները կանխելու ուղղությամբ: Այս հարցի պատասխանը, ցավոք,  առայժմ տեսանելի չէ: Փոխարենը օրեցօր ավելի տեսանելի է դառնում այն, թե ինչպես  են  երկրի սահմանամերձ գյուղերը դատարկվում:




Լրահոս