Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարութ է ընդունել 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և ազատ արձակվելուց մի քանի ամիս հետո մահացած Մամիկոն Խոջոյանի խոշտանգման և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի գործը: Այս մասին այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը:
Ըստ հաղորդագրության` ՄԻԵԴ-ը Խոջոյանի գործի մասին հայտնել է 2015 նոյեմբերի 10-ին։ Գործի հայցվորները Խոջոյանի երեք զավակներն են։ Նրանց ներկայացնում են «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը և Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնը, որը գտնվում է Միդլսեքս համալսարանում:
Հայցվորները բողոքում են, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու նվաստացուցիչ վերաբերմունքի, և որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներարկել են դեղեր, որոնք պարունակել են անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ են ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները:
«Նրանք պնդում են, որ այս գործողությունները, ի վերջո, հանգեցրել են Խոջոյանի մահվանը: Նրանք նաև պնդում են, որ խախտվել են երկու հոդվածների ընթացակարգային հիմնահարցերը, քանի որ Ադրբեջանի կողմից չի իրականացվել Խոջոյանի կալանավորման և նրա նկատմամբ վերաբերմունքի հանգամանքների քննություն: Ինչ վերաբերում է իրենց հոգեկան տառապանքներին, նրանք պնդում են, որ իրենց հոր վնասվածքները ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո, հեռուստատեսությամբ և ինտերնետով տեսնելը պարունակում է 3-րդ հոդվածի ևս մեկ խախտում»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Խոջոյանի զավակները գտնում են նաև, որ իրենց ծեր հայրն անօրինաբար է զրկվել ազատությունից իր 5-շաբաթյա ազատազրկման ընթացքում, և նրան չեն տեղեկացրել, թե ինչու է պահվում անազատության մեջ, ոչ էլ դատարանի առջև է կանգնել: «Կապված սրա և վերը նշված խախտումների հետ, նրանք գտնում են, որ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց չեն ունեցել, որը խախտում է ՄԻԵԿ 13-րդ հոդվածը: Նրանք պնդում են, որ իրենց իրավունքները և իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է (ՄԻԵԿ 14-րդ հոդված)», – ասված է հաղորդագրությունում:
ԸԻԿ-ը նաև հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը մեղադրանքներին և դատարանի հարցերին պետք է պատասխանի մինչև ս.թ. մարտի 8-ը: