Ո՞ՒՄ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ Է ԳՈՐԾՈՒՄ ԳԱՍՊԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար, երբ երկրում անխուսափելի է դառնում հասարակական ընդվզման հեռանկարը, գործող իշխանությունները փնտրում եւ գտնում են այնպիսի կերպարներ, որոնք կարողանան հասարակության ուշադրությունը շեղել կարեւորագույն թեմաներից:
Երեւանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո մեր երկրում մեծ թափ հավաքեց գնաճը: Նախ թանկացավ կաթնամթերքը, ապա՝ հավկիթը, դրան հաջորդեցին արդեն «խոշոր ձկները»՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման անխուսափելի հեռանկարի տեսքով: Եվ ուրեմն, ի՞նչ անել, որպեսզի կիսասոված մարդիկ «չհարձակվեն» գործող իշխանության ներկայացուցիչների կամ առնվազն պետական գերատեսչությունների վարչական շենքերի վրա, այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը «հարձակվեցին» մսի եւ «ցամաք հացի» վրա:
Որպես փորձված հին եւ բարի մեթոդ՝ պետք է նախեւառաջ ընտրվեն այնպիսի թեմաներ, որոնք կհետաքրքրեն հասարակությանը, ապա դրանք տարածվեն տարբեր եղանակներով: Հայաստանում հասարակության ուշադրությունը նոր կառավարության անդամների նշանակման, համատարած թանկացումների եւ այլ բացասական հեռանկարներից շեղելու համար նախ հրապարակ նետվեց հոկտեմբերի 27-ի թեման, ապա դրան զուգահեռ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի խնդիրն «օրհասական» դարձավ:
Բայց այս իրավիճակում ամենահետաքրքիրն այն էր, որ շուկայի ճակատագրով բարձրաձայն  մտահոգվելու քայլեր արեց նաեւ վաղուց մոռացված մի կուսակցության՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը. «Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել եւ շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տեղում երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը անպատիժ կեցվածքով անտեսում է հասարակության վրդովմունքն ու բողոքը»:
Իհարկե, այդ խնդիրն առկա է, եւ դրա մասին «Ժողովուրդ»-ն էլ բազմիցս գրել է՝ քննադատելով ինչպես քաղաքային, այնպես էլ գործադիր իշխանություններին, որոնք անկարող են օլիգարխիայի դեմ: Բայց հետաքրքիրն այստեղ այն է, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դեմ դուրս է եկել մեկ այլ օլիգարխ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայաստանյան տեղակալ Արամ Սարգսյանը: Արդյո՞ք այդ շուկային ցանկանում էր տիրանալ Արա Աբրահամյանը, թե՞ պարզապես հայտարարությամբ Արամ Սարգսյանն իր համեստ անձի վրա ուշադրություն սեւեռելու հերթական անհաջող փորձն է անում:
Հետաքրքիր է՝ ինչու նույն Սարգսյանը չի ընդվզում նույն օլիգարխի կամ այլ օլիգարխների կողմից կատարվող մյուս ապօրինությունների դեմ, ինչո՞ւ նա երեկ չէր մասնակցում կառավարության առջեւ կազմակերպված ակցիային, որտեղ մարդիկ դժգոհում էին գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Որտե՞ղ էր Արամ Գասպարին: Կարծում ենք՝ հենց այս տեսակի «խամաճիկային ընդդիմադիրներն» այնպես արեցին, որ այսօր մեր երկրում համատարած հուսալքություն է: Մարդիկ չեն հավատում ոչնչի: Անգամ ամենալուսավոր նպատակներով արված քայլն անմիջապես համարվում է անձնական շահերի թելադրանք: Այնպես որ, լավ կլինի՝ Արամ Գասպարիչը լռի: Այդպես ավելի կարժեւորվի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս