ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992-94թթ. էներգետիկ ճգնաժամի մասին հիշողությունները թարմ պահելու համար իշխանությունները միշտ առաջ էին տանում «ցուրտ ու մութ» տարիների գաղափարը՝ փորձելով այդպես վարկաբեկել Արցախի ազատագրման տարիները: Իսկ այսօր թեեւ երկրում պատերազմ չկա, չկա այն ժամանակվա խիստ շրջափակումը, սակայն Հայաստանում, այնուամենայնիվ, շրջում է ցուրտ ու մութ տարիների ուրվականը. պատճառը գազի եւ էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացումներն են:
«Հայռուսգազարդ» ընկերությունը ներկայացրել է սակագնի բարձրացման իր հիմնավորումները: Միայն թե, այդ հիմնավորումների մեջ չկա որեւէ տրամաբանություն, ինչպես տրամաբանություն չկա Հայաստանում շատ այլ երեւույթների դեպքում:

ԸՆԴԴԵՄ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Սովորաբար, եթե նվազում է որեւէ ապրանքատեսակի նկատմամբ պահանջարկը, ինքնըստինքյան նվազում է նաեւ դրա սակագինը: Սա տնտեսագիտության ամենատարրական կանոններից է: Իսկ Հայաստանում արդյո՞ք գազը պահանջարկ ունի: Այս հարցին պատասխանում է պաշտոնական վիճակագրությունը: 2013թ. առաջին եռամսյակում «Հայռուսգազարդ»-ը ներկրել է 667,7մլն խմ բնական գազ, իրացրել` 557,7մլն խմ-ն, ու թեեւ ներկրման ծավալներն ավելացել են, սակայն նվազել են իրացման ծավալները: Բնակչության կողմից գազի սպառումը  2013թ. առաջին եռամսյակում կրճատվել է 13,6%-ով ու կազմել 229,5մլն խմ, իսկ այլ սպառողների կողմից սպառման ծավալները նվազել են 8,8%-ով` մինչեւ 83 մլն խմ: Բայց մյուս կողմից նախորդ տարի «Հայռուսգազարդ»-ի բաժանորդների թիվն ավելացել է 12,84 հազ-ով, ընդ որում, դրանց զգալի մասը տնային տնտեսություններն են: Ասել է թե՝ հասարակությունը դեռ այս տարվա սկզբից անցել էր խնայողությունների: Բացի այդ, թեեւ 2011թ. առաջին եռամսյակից ի վեր գազասպառողների թիվն ավելացել է մոտ 20 հազ-ով, սակայն 2012թ. հունվար-մարտին բնակչության կողմից սպառման ծավալները եղել են նույն մակարդակում, ինչ 2011թ. առաջին երեք ամիսներին: Սա եւս խոսում է գազի սպառման ծավալների նվազման մասին: Հիմա, փաստորեն, նման պայմաններում «Հայռուսգազարդ»-ը ցանկանում է միանգամից 64 տոկոսով բարձրացնել պահանջարկ չունեցող գազի սակագինը:

ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ ԷՐԶՐՈՒՄԻՑ…

ՀՀ իշխանությունները վերջապես արձագանքեցին գազի սակագնի բարձրացման լուրին: Ավելի ճիշտ, երեկ բեմադրվեց «(Ան)ապահով Հայաստան» շոու ներկայացման առաջին արարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում հայտարարել է. «Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման կապակցությամբ: Տեղյակ եք, որ «Հայռուսգազարդ»-ը ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ բնական գազը ՀՀ պետք է մատակարարվի 270 դոլարով: Իմ նամակում նշված է, որ ՀՀ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: Երկրորդը` ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի»: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ են նշանակում Տիգրան Սարգսյանի այս խոսքերը: Թեեւ դա բավական դժվար է, որովհետեւ անհասկանալի է մնում` կառավարությունը 30 տոկոսով ում է սուբսիդավորելու` բոլո՞ր գազ սպառողներին, այդ թվում նաեւ խոշոր սպառողներին` բիզնեսին, թե՞ միայն բնակչությանը: Բացի այդ, անհասկանալի է` կառավարությունն ինչքան պետք է սուբսիդավորի գազի սակագնի դիմաց` մեկ ամիս, կես տարի, մեկ տարի, թե ավելի երկար: Ամեն դեպքում ակնհայտ է մեկ բան` այդ սուբսիդավորումը լինելու է ՀՀ պետական բյուջեից ու բավական մեծ գումար է կազմելու: Իսկ դա նշանակում է, որ զգալի ավելանալու են բյուջեի ծախսերը: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ սուբսիդավորումը լինելու է հենց մեր` ՀՀ քաղաքացիներիս, հարկատուներիս գրպանից, ասել է, թե այդ բեռն ընկնելու է ՀՀ պետական բյուջեի ու ՀՀ քաղաքացիների վրա:

ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԷԼ ԿԱԹՈԼԻԿ

Ինչպես հայտնի է, գազի սակագնի բարձրացումից բացի, սպասվում է նաեւ էլեկտրաէներգիայի բարձրացում: Ընդ որում, էլեկտրաէներգիայի բարձրացումը լինելու է ոչ թե ՀԷՑ-ի, այլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Ավելին, ՀԷՑ-ը դեռ չի շտապում դիմել հանձնաժողովին: Այս հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, թե իրենք ունեն բոլոր էներգետիկական համակարգում աշխատող ընկերությունների կողմից ներկայացված մարժաների (ընդհանուր ծախսերի) հետ կապված հաշվարկները: «Նրանք դեռ վաղուց էին ուզում էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված վերանայել եւ բարձրացնել, բայց սպասում էին, որովհետեւ կար գազի գնի թանկացմամբ պայմանավորված խնդիր»,-ասել է նա: Նաեւ մեկնաբանել է, թե ինչու իրենք են նախաձեռնել սակագնի վերանայում. «Իրենց կողմից կային գրավոր հայտեր, մենք ունենք վերլուծություններ, պատկերը մեզ համար պարզ է, եւ նաեւ անառարկելի փաստ է՝ գազի գինը այսպես թե այնպես կբարձրանա: Թե ինչ չափով, կպարզենք հետո: Ուստի զուգահեռ սկսում ենք էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը»: Այնինչ նկատենք, որ գազի սակագինը  դեռ չի բարձրացել: Ավելին, ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, մեր հարցին ի պատասխան, ասել էր, թե սակագնային քաղաքականությունը միմիայն հանձնաժողովի իրավասության դաշտում է: Իսկ ՀԷՑ-ը չի դիմել հանձնաժողովին, քանի որ ըստ նրա՝ դեռ հայտնի չէ` գազի սակագինն առաջիկայում ինչքանով կբարձրանա: Պետք է եզրակացնել, որ Ռոբերտ Նազարյանն ավելորդ շտապողականություն է ցուցաբերում` հաճոյանալով ռուսական ընկերություններին` ՀԷՑ-ին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս