«ՍՊԱՅԿԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ «ՆՍՏԵ՞Լ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին՝ ժամը  23:58-ին, ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալների համաձայն` 2500 քմ մակերեսով 3-հարկանի շինությունն ամբողջությամբ այրվել է:  «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նշված ընկերությունը գյուղացիներից կատարած  մթերումների դիմաց լուրջ պարտքեր էր կուտակել:
Տեղեկացնենք, որ երեկ դեպքի վայրում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, մի քանի րոպեով  ժամանեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը տարօրինակ շտապողականությամբ հեռացավ, ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու էր եկել: Որոշ ժամանակ հետո դեպքի վայր եկավ նաեւ Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ), երկար զրուցեց Արմեն Երիցյանի հետ ու հեռացավ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու էր եկել դեպքի վայր, Մելքոնյանն ասաց, թե ինքը շատ մտերիմ հարաբերություններ ունի Ա. Երիցյանի հետ ու տեղեկանալով, որ այդտեղ է, եկել էր իմանալու, թե ինչ կա:
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղամբարյանը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց` նշելով, թե չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ գյուղապրանքների պահածոյացմամբ, բեռնափոխադրմամբ եւ թարմ մրգերի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը հիմնադրել է Դավիթ Ղամբարյանն իր եղբոր հետ: Սակայն 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքին մասնակցող Դ. Ղամբարյանին կալանավորել են: Մեր տեղեկություններով՝ նա «նստել» է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում (Խթը-ի «պադվալ»): Ազատ արձակվելուց հետո նրա ընկերությունում սեփականատերեր դարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, իսկ մոտ մեկ տարի առաջ ընկերությունը գնել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ Ղամբարյան եղբայրների հետ բաժնետեր դառնալով:
Երեկ միայն ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը պատասխանեց լրագրողների որոշ հարցերի` տեղեկացնելով, որ  «Սպայկա»-ն ապահովագրված էր՝ կոնկրետ չասելով, թե որ ընկերությունում:
««Սպայկա» ընկերության սառնարանային համալիրը` շուրջ 15 հազար քմ տարածք, ամբողջությամբ ավերվել է: Այն ամենամեծն էր եւ տեխնիկապես ամենահագեցածը տարածաշրջանում: Սառնարանային համալիրում եղել է մթերված կարտոֆիլ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից: Ընկերությունը պատրաստվում էր ծիրանի սեզոնի բացմանը, եւ այդ նպատակով մեծ քանակությամբ պլաստմասսայից եւ փայտից արկղեր են պահեստավորել տարածքում, ինչն էլ նպաստել է հրդեհի տարածմանը»,-նշեց Բաղդասարյանը: Իսկ հրդեհի պատճառների մասին նա ոչինչ չասաց, անգամ նախնական վարկածներ առաջ չքաշեց:
Նշենք, որ կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց աջակցություն ցուցաբերել «Սպայկա» ընկերությանը: Վարչապետն ասաց, որ անհրաժեշտ է աջակցել եւ արտադրամասեր տրամադրել «Սպայկա»-ին, որպեսզի գյուղմթերքների մթերումը կանգ չառնի, եւ գյուղացիներին էլ աջակցություն լինի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս