«ԶՈՒԳԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ից սկսել է գործել Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտին կից հասարակական զուգարանը, որի կարիքը քաղաքը վաղուց ուներ: Զուգարանի մուտքի վճարը մատչելի է` 50  դրամ, այն կառուցված է սանիտարական բոլոր կանոններին համահունչ` տղամարդկանց եւ կանանց առանձին բաժիններով: Հասարակական զուգարանը կառուցվել է «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ. շինարարության համար ծախսվել է 8 միլիոն 698 հազար դրամ, որից համայնքի ներդրումը 4 միլիոն 349 հազար դրամ է:
Իսկ մինչ այդ` ապրիլի 4-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը մերժեց Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սամվել Գիշյանի հայցը: Վերջինս Նոյեմբերյանի քաղաքապետարանից պահանջում էր քանդել քաղաքային մարզադաշտին եւ իրեն պատկանող հանդիսությունների սրահին հարակից տարածքում  կառուցված հասարակական զուգարանի բոլոր կառուցապատումները, զուգարանի շինությունը եւ տարածքը բերել նախկին տեսքին: Դատարանը Ս. Գիշյանի հայցը մերժելու  համար հիմք ընդունեց այն, որ հասարակական զուգարանը կառուցվել է համայնքին պատկանող հողատարածքում, առկա է համապատասխան նախագիծ, շինթույլտվություն, քաղաքապետարանի կողմից կառուցված հասարակական զուգարանը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին եւ խիստ անհրաժեշտություն է ներկայացնում քաղաքի բնակչության համար: Սակայն Ս. Գիշյանը պնդում է, որ նորակառույց հասարակական զուգարանի կոյուղագծի միացումն այդ տարածքում գործող բաց  սելավատարին անօրինական է. ՀՀ առողջապահության նախարարի 2010թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում հասարակական զուգարաններ տեղակայվում են հասարակական եւ բնակելի շինություններից առնվազն 50 մ հեռավորության վրա, մինչդեռ նորակառույց զուգարանը գտնվում է քաղաքի մշակույթի տան եւ հանդիսությունների սրահի կողքին:
Նշենք, որ դատարանի վճռով Նոյեմբերյանում «զուգարանային հակամարտությունը» չի ավարտվում: Ս. Գիշյանը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան` վիճարկելով Նոյեմբերյանում հասարակական զուգարան կառուցելու համար քաղաքապետարանի կողմից տրամադրված շինթույլտվության օրինականությունը: ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում սույն գործով առաջին նիստը կայացավ մայիսի 15-ին:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս