Ռեժիսոր ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ նկարահանած ամենաթանկ տեսահոլովակն արժեցել է 50.000 ԱՄՆ դոլար: Ռեժիսորն այն նկարահանել է իր կնոջ` երգչուհի Լուսինե Աղաբեկյանի համար: Արամայիսը նկարահանել է նաեւ Արտո Թունջբոյաջյանի «Ալա բալա նիցա», Արմոյի «Հարսանիք է լինելու», Լիլիթ Հովհաննիսյանի «Մայրիկ», Ռազմիկ Ամյանի «Վայ, վայ», «Սիրուն ջան», Աղասիի «Հավատում եմ», Դալիթայի «Դեպի նոր մի կյանք», Էմմիի «Այո», Հռիփսիմե Հակոբյանի «Քոնն եմ» եւ մի շարք այլ տեսահոլովակներ:
-Վերջին շրջանում Ձեր աշխատանքների նկատմամբ պահանջարկը մեծացել է: Ինչի՞ հետ է դա կապված:
-Գոյություն ունի կոնկրետ տենդենց, ամեն ռեժիսորի մոտ մի գաղափար է արթնանում, մարդկանց սկսում են հետաքրքրել նրա մտածելակերպը, աշխատանքները: Ամեն ռեժիսոր ունի իր գիծը, իր ուղղվածությունը, ես էլ փորձում եմ իմը ներկայացնել:
-Ի՞նչն է պակասում հայ ռեժիսորին լավ աշխատանքներ ստեղծելու համար:
-Ֆինանսը մեծ դեր է խաղում: Կարող ես լավ բաներ մտածել, բայց իրականացնելու համար մեծ գումարներ են պահանջվում: Ես մոտ 20 ֆիլմի սցենար ունեմ, բայց իրագործել չեմ կարողանում:
Կա նաեւ այլ խանգարող հանգամանք` կատարողի ցանկությունը, որն ինչ-որ տեղ նաեւ սահմանափակումների մեջ է դնում ռեժիսորին: Երբ ասում են՝ ուզում եմ այսինչ տիպի տեսահոլովակ, արդեն իր մտքի վրա ես սկսում կառուցել, որն այդքան էլ քեզ հարազատ չէ:
-Դուք այն ռեժիսորներից եք, որ հաշվի՞ է առնում պատվիրատուի ցանկությունը:
-Վերջին ժամանակահատվածում այդքան էլ հաշվի չեմ առնում, փորձն է ցույց տվել, որ 90 տոկոսը սխալվում է, եւ դու ավելի շատ անկում ես ապրում: Դրա համար էլ ուզում ես՝ ամեն ինչ դու անես, որ քո սրտով լինի, ու երգչին երաշխավորում ես, որ լավ կլինի: Երբ երգիչն է առաջարկում, դու երաշխիք տալ չես կարող:
-Ի՞նչ տիպի տեսահոլովակներ են սիրում մեր երգիչները:
-Տարբեր են, բայց հիմնականում վախենում են էքսպերիմենտներից, նոր բան անելուց: Սահմաններ են դնում, մեծ մասն ուզում է, որ իր տեսահոլովակը գեղեցիկ լինի, եթե անգամ միտք էլ չլինի, գեղեցկություն են ուզում: Ես դա ճիշտ չեմ համարում, իմաստն է կարեւոր: Իսկ սիրուն կլիպները, կոպիտ ասած, «օդնոռազովի» են` մի անգամ կնայես ու վերջ:
-Ես նաեւ նկատել եմ, որ ինքներդ հայտնվում եք Ձեր նկարած տեսահոլովակների որոշ դրվագներում: Դա Ձե՞ր մտահղացումն է, թե՞ կատարողների ցանկությունը:
-Հիմնականում ես եմ ցանկանում: Պատահում են նաեւ դերեր, կերպարներ, որ համապատասխան մարդ չեմ գտնում ու պահի տակ մտածում եմ, որ ես էլ կարող եմ մարմնավորել:
-Ո՞րն է եղել Ձեր նկարած ամենաթանկ տեսահոլովակը:
-Դեռ պատրաստ չէ, մոնտաժային փուլում է, դա իմ կնոջ` Լուսինե Աղաբեկյանի տեսահոլովակն է` 50.000 դոլար արժողությամբ: Թանկ է ստացվել, քանի որ տարբեր հայտնի ֆիլմերից դրվագներ են, գլխավոր սյուժեն «Ջումանջի» խաղն է: Ամեն դետալի վրա մանրակրկիտ աշխատանք է տարվել, տաղավարներ ենք պատրաստել: Փորձել եմ այդ ամենը ֆիքսել 5.5 րոպեում:
Իսկ թանկ տեսահոլովակներից մեկը, ոչ գնային առումով, այլ որպես արժեք, Արմոյի «Հարսն ես իմ» տեսահոլովակն է: Երգիչն ինձ վստահել էր, ես էլ արել եմ ամեն ինչ այնպես, ինչպես զգացել եմ:
-Ունե՞ք տեսահոլովակներ, որոնք չեք սիրում:
-Ունեմ, դրանք զուտ կոմերցիայի տեսակետից եմ նկարել: Դե, ժամանակ է գալիս՝ նկարում ես գումար վաստակելու համար, ժամանակ էլ կա` հաճույքի համար:
-Միջին բարդության տեսահոլովակն ինչքանո՞վ եք նկարում:
-Հիմա նկարում եմ 5000 դոլարից ոչ պակաս, դա մինիմալ գինն է: Բնական է, մոտ մարդու համար այլ գնով կանեմ: Վիդեո նկարելը սահմաններ չունի, ինչքան ծախսես, այնքան կծախսվի:
-Եղե՞լ են սերիալներ նկարելու առաջարկներ:
-Երեք հեռուստասերիալից եղել են, բայց ես հրաժարվել եմ: Պատճառներից մեկը ժամանակի սղությունն էր: Պետք է մի օրում մի սերիայի նյութ նկարվեր ու մոնտաժ արվեր: Բայց ես հստակ գիտակցում եմ, որ այդ գործը մի օրում լավ չի ստացվի: Թող ոչ ոք ինձնից չնեղանա, դա իմ կարծիքն է: Ես անձամբ չէի կարող այդ պայմաններում աշխատել, դրա համար էլ հրաժարվել եմ: Տեսահոլովակներից զատ, ես նկարել եմ նաեւ կարճամետրաժ ֆիլմեր, բայց դրանք էլ` իմ գրպանի հաշվին:
5000 ԴՈԼԱՐԻՑ ՊԱԿԱՍ ՀՈԼՈՎԱԿ ՉԻ ՆԿԱՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ