Այն, որ ազգընտիր պատգամավորները հաճախ խորհրդարանում քվեարկում են ուրիշի փոխարեն, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Այդ փաստը բազմիցս ֆիքսել են բազմաթիվ լրագրողների տեսախցիկները, սակայն պատգամավորները մշտապես փորձել են հերքել կամ որևէ պատճառաբանություն ներկայացնել իրենց այդ քայլի համար: Սակայն փաստը մնում է փաստ, որն անհերքելի է:
Լրագրող Լիլիթ Լալայանը դիմել է էթիկայի հանձնաժողով 7 պատգամավորների հարցով, ովքեր նիստերի ժամանակ քվեարկել են ուրիշի փոխարեն: Նիստի ընթացքում կքննվի Սպարտակ Մելիքյանի, Համլետ Հարությունյանի, Բազմասեր Առաքելյանի, Կարեն Սարիբեկյանի, Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի և Արշակ Մխիթարյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1 հոդվածով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու հարցը և կկայացվի համապատասխան որոշում: